Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից եւս մեկ անգամ կոչ արեց մարդկանց հայկական արտադրության ապրանքներ գնել: Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ դուք հետեւո՞ւմ եք վարչապետի հորդորին, ձեր հագուստի, սննդի, կենցաղային ապրանքներ գնելու հարցում օգտվո՞ւմ եք տեղական արտադրությունից:
Նա պատասխանեց. «Այո, ես նույնպես ունեմ ժամացույցներ, որոնք հայկական արտադրության են, այս իմ բաճկոնն էլ հայկական արտադրության է»,- ասաց նա ու ցուցադրեց հագուստի ապրանքանիշը՝ վստահեցնելով, որ այն հայ դերձակ է կարել՝ հատուկ իր համար:
Նա ասաց, որ վարչապետի հորդորը եւ իր վերաբերմունքն այդ հարցում նույնն է: Հարցին՝ ո՞ր ապրանքային դաշտում է, ըստ ձեզ, որ հայկական արտադրության ապրանքներն իրենց որակով զիջում են ներկրվող ապրանքներին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Փողկապների ոլորտում զիջում են: Իմ կոշիկները նույնպես հայկական արտադրության են: Գրեթե ամեն ինչ հայկական արտադրության է, բացի փողկապից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ