«Եթե մեր գործընկերներն ուզում են մեզ նոր ճանապարհներ ցույց տալ, պետք է ցույց տան նրանք, որոնք մարդկանց հնարավորություն կտան ավելի շատ ստեղծագործել, ավելի լավ աշխատել, ավելի լավ զգալ այդ աշխատանքում, սիրել այն»,-ԱԺ-ում այսօր կառավարության ներկայացրած ծրագրի մասին քննադատությունների շուրջ այսպիսի կարծիք հայտնեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Նրա բնորոշմամբ՝ պատգամավորներն էլ իրենց հերթին պետք է իրենց աշխատանքը սիրեն:
«Մեր դահլիճում տխուր է անցնում օրը, եթե նկատել եք, ժպիտ չկա: Դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ինչը շատ վատ է»,-անկեղծացավ նա, ապա կես-կատակով ասաց,-«իհարկե, դահլիճում լուսամուտներ չկան: Ամեն ինչ արված է, որ մենք մեզ վատ զգանք, բայց մենք պետք է փորձենք կոտրել եւ փոխել իրավիճակը: Պետք է ժպտանք, որովհետեւ ժողովրդի համար եզակի իրավիճակ է ստեղծվել՝ տնտեսության զարգացումն իր ձեռքը վերցնելու եւ ստեղծարար աշխատանքով զբաղվելու տեսանկյունից»:
Վարազդատ Կարապետյանը նաեւ համոզմունք հայտնեց՝ եթե ուզում ենք երկրի զարգացում, լավատեսության պաշարը չպետք է թուլացնել: Նշենք, որ երբ Վարազդատ Կարապետյանը խոսում էր ժպիտների պակասի մասին, դահլիճում նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա խոսքերին արձագանքում էր ժպիտով:
Վարազդատ Կարապետյանը նաեւ լրագրողներին ուղղված ասելիք ուներ. «Որ դուրս ենք գալիս միջանցք, կարող է լրագրողը կանգնեցնի ու հարցնի՝ «այսինչ մարդն այնինչ մարդուն ասել է «բոմժ» (Փաշինյանը ծիծաղում է), դուք համաձա՞յն եք նրա հետ»…սա է լրագրության ներկայիս պատմությունը, ցավոք…եթե լրագրողը չի գիտակցում, որ ինքն էլ պետք է արժեք ավելացնի, որ պետք է ապագա ծրագրերից խոսի…այսօր պետք է դնել վաղվա ամուր կապերի հիմքը: Այստեղ լրագրողները կարեւոր գործառույթ ունեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ