Երեկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր մոտ մտնող բոլոր մարդկանց խիստ ստուգման են ենթարկում, որ իր կաբինետ նվերներ չտանեն. «Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես՝ վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»: Փաշինյանը նաեւ ասաց, որ «այսօր մենք գտնվում ենք 10 տոկոս նոր պաշտոնյաների և 90 տոկոս հին պաշտոնյաների փոխազդեցության միջավայրում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը և փորձում է ազդել մյուս կողմի պատկերացումների վրա: Երբեմն շատ դժվար է նախկին համակարգին դիմադրելը»:
Aravot.am-ը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ դուք նման նվերներ տարե՞լ եք վարչապետի կաբինետ: Նա պատասխանեց. «Ոչ, չեմ տարել»: Նա վստահեցրեց, որ նախկին իշխանության օրոք էլ նման նվերներ չի տարել կառավարություն: Հարցին՝ դրա կարիքը չի՞ եղել՝ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ես դա չեմ հասկանում ուղղակի, չեմ հասկանում ոչ նպատակը, ոչ իմաստը: Բոլորը կենդանի մարդիկ են, կարող է եւ կան մարդիկ, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց ովքեր մեզ հետ են, կարող եք ճշտել, այնպես չի, որ գաղտնիք է»:
Հարցին՝ առիթներին՝ ծննդյան տոների՞ն էլ Սերժ Սարգսյանին նվեր չեք տարել ու առաջիկայում՝ հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի ծնունդն է, ոչինչ չե՞ք նվիրելու՝ նա պատասխանեց. «Անկեղծ ասած, նվեր չեմ տարել, ինչ մեղքս թաքցնեմ, եթե մեղավոր եմ…, շատ բաների համար է հիմա կշտամբանքի ու նախատինքի խոսքեր ուղղվում մարդկանց, ովքեր ինչքան էլ տարօրինակ է, նոր չեն սկսել աշխատել, նախկինում էլ են աշխատել, դա էլ կարելի է դրանց շարքին դասել»:
https://www.youtube.com/watch?v=7kzetnqILJ0
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ