Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շենքի խոնավության պատճառով երեխաները հիվանդանում են թոքաբորբով ու բրոնխիտով

Փետրվար 13,2019 17:39

Վանաձորի Մյասնիկյան 14 շենքի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Արդեն մոտ 2 տարի է՝ շենքի նկուղային հարկում վնասվել է խմելու ջրի խողովակը: Արդյունքում՝ ջուրը լցվում է նկուղային հարկ, իսկ դրա հետեւանքով շենքի առաջին հարկի բնակարաններ լցվում են սնկերով. «Ճահիճ է նկուղում, մի օր կարող է դրա պատճառով շենքը փլվի…60 տարվա խողովակ է, հիմա շատ վատ վիճակի մեջ է գտնվում, ժանգոտել է եւ ենթակա է փոխման: Դրանից խոնավությունը բարձրացել է վերեւ եւ տունն այս վիճակի մեջ է հայտնվել,- ասում է թիվ 3 տան բնակչուհի Գրունիկ Եղշատյանը, ձեռքով ցույց տալով տան խոնավացած պատն ու շարունակում, որ խողովակի փոխելու համար բազմիցս են դիմել պատկան մարմիններին, սակայն լուծում այդպես էլ չի տրվել. «Դիմել ենք եւ՛ քաղաքապետարան, եւ՛ մեր համատիրություն:

Եկել են ասել, որ պետք է մեր ուժերով փոխենք, տան վարձից կհանեն: Շենքում որոշ բնակիչներ տան վարձը չեն մուծում, դրա համար էլ մենք ենք տուժում: Եթե ես պարտաճանաչ մուծում եմ, ինչո՞ւ պետք է այս վիճակի մեջ լինեմ: Հարեւաններից ոչ բոլորն են համաձայն մասնակցել, մի մասը գումար չի տալիս, որ այդ աշխատանքները կատարենք: Բացի այդ, աշխատանքները կատարելու համար մասնագետ է պետք, որովհետեւ վտանգավոր է՝ եռակցման հետ կապված գործ է: Ամեն մասնագետ չի կարող այդ աշխատանքը կատարել, պետք է իրենց մասնագետը գա սարքի, որ հետո էլ բարդության առաջ չկանգնենք»:

Խոնավ պատերի մեջ նաեւ անչափահաս երեխաներ են ապրում: Ընտանիքի ամենափոքրը մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: Երեխայի հարազատները վստահ են՝ թոքաբորբի պատճառը խոնավությունն է. «Պատն անընդհատ քանդվում էր, սունկ էր աճել պատերին: Խոնավության պատճառով՝ երեխաները շատ հաճախ են հիվանդանում: Տան մեջ օդը շատ ծանր է, խոնավ է: Հիմա էլ հիվանդանոցից նոր ենք դուրս գրվել: Երեխան մեկ տարեկան է, թոքաբորբ էր ընկել: Եվ վտանգ կա, որ էլի կկրկնվի»,- ասում է փոքրիկի մայրը՝ Մերի Պողոսյանը:

Նույն խնդրի առաջ են կանգնած նաեւ թիվ 2 տան բնակիչները: Տունը խոնավանում է, պատերը փլվում են, իսկ երեխաները՝ հիվանդանում. «Ամբողջ միջանցքը խոնավության մեջ է, պատերը պոկվում են: Առողջական խնդիրներ են առաջանում, երեխաներն անընդհատ հիվանդանում են: Մեր փոքրիկն էլ 8 ամսական է, բրոնխիտ էր ընկել, ասեցին խոնավությունն է պատճառը»,- ասում է Գայանե Բայանդուրյանը:

Հարեւանները պատմում են, որ շենքի թիվ 1 բնակարանի բնակիչներն այդպես էլ չկարողանալով խնդրին սեփական ուժերով որեւէ կերպ լուծում տալ, կողպել են դուռն ու հեռացել: Իրենք հեռանալ չեն ուզում: Խնդրին լուծում տալու համար՝ առաջարկում են, որ գումարի մի մասը տրամադրեն բնակիչները, իսկ մյուս մասը՝ պատկան մարմինները. «Որ եկան նայեցին, ասեցին 300 հազ. դրամ է անհրաժեշտ: Մենք անհատի էլ դիմեցինք, ասեց 120 հազ. դրամ կկազմի: Բայց այդ գումարն էլ 2 կամ 3 բնակչի համար մեծ է, եթե բոլոր հարեւանները տան, կկարողանանք վերանորոգենք: Բայց գոնե մասնագետ պատկան մարմիններն ուղարկեն, մի փոքր էլ օգնություն գումարի տեսքով տան»,-դժգոհում են զրուցակիցներս:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728