Կրթության խնդիրներն ու առաջարկվող լուծումները թեմայով «Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը նշեց, որ հիմնական շեշտադրումը կրթության բովանդակության արդիականացումն է. «Կրթությունը պետք է համապատասխանի արդի պահանջներին, որոնք ժամանակակից աշխարհում արագ փոփոխվում են»:
Նրա ձեւակերպմամբ, կրթության համակարգը պետք է լինի դինամիկ, ճկուն, հնարավորություն տա արագ հարմարվել թե աշխատաշուկային, թե հասարակության պահանջներին: Պարոն Ստեփանյանը նաեւ կարեւորում է ապահով եւ կայուն ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծումը, կրթության, գիտության եւ տնտեսության կապի ապահովումը:
Նա փաստում է, որ ամենախոցելին, թերեւս, նախադպրոցական կրթության համակարգն է: ՀՀ-ում կան շատ համայնքներ, որտեղ նախադպրոցական ծառայություններ չկան, ուստի նպատակ է դրված, որ երեխաների ընդգրկվածությունը դառնա մինչեւ ութսուն տոկոս: Ասաց նաեւ, որ փոքրաթիվ համակազմ ունեցող համայնքներում ԿԳ նախարարությունը նախատեսում է այլընտրանքային նախադպրոցական հաստատությունների ստեղծում: Անդրադարձ եղավ նաեւ կրթության որակին եւ միջոցների արդյունավետ օգտագործմանը, կրթական չափորոշիչներին:
Ռոբերտ Ստեփանյանը խոսեց նաեւ դպրոցականների առարկայական ծանրաբեռնվածությունից, ասաց, որ այդ հարցը վերանայվում է:
Ինչ վերաբերում է մասնագիտական կրթությանը, ԿԳՆ վարչության պետն ասում է, որ շրջանավարտը պետք է համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին, նաեւ գործատուներին պետք է ներգրավել կրթության կառավարման համակարգում:
Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ որոշ դրույթներ ընդհանրական են՝ առանց տալու ներկա իրավիճակի գնահատականը, որոշ դրույթներից տպավորություն է ստեղծվում, թե մի փոքր իրականությունից կտրված են:
«Հիմնականը, որ բացակայում է կրթության բլոկում, տեսլականի եւ կրթության վերաբերյալ եւ նկատմամբ հիմնական սկզբունքների բացակայությունն է»,-ասում է Գեւորգյանը:
«Կարդում եմ ու չեմ հասկանում՝ հինգ տարի հետո ի՞նչ տիպի կրթություն եւ ինչպիսի սովորող ենք ունենալու, ի՞նչ կրթական մոդելի մասին է խոսքը…Եթե մենք որդեգրել ենք տնտեսական մոտեցումը կրթության նկատմամբ, միգուցե նշենք դրա մասին…Դրա հետ մեկտեղ կան իրար հակասող դրույթներ: Մի կողմից ուզում ենք ունենալ կրթություն-աշխատաշուկա կապ, մյուս կողմից՝ ազատ, երջանիկ քաղաքացի, որ իր երջանկությունը պետք է գտնի միայն աշխատաշուկայում:
Այսինքն՝ տարբեր մակարդակների վրա գտնվող կետերը, արժեքները ինձ մոտ այս պահին անհստակություն են առաջացնում կրթական ծրագրի եւ դրա հիմքում դրված գործողությունների հանդեպ: Կուզենայի, որ որոշակի ելակետային գնահատական, վերլուծություն ունենայինք»,-հավելում է բանախոսը:
Նրա խոսքերով, ծրագրում բացակայում է գլոբալ խաղացողների դերը. «Տպավորություն է, որ կրթությունը գոյություն ունի իզոլացված, առանձնացված ձեւով, կոնտեքստից դուրս՝ առանց հաշվի առնելու, թե ինչ ունենք քաղաքային, գյուղական վայրերում, ինչ ունենք կրթության վրա ազդող միջազգային հանրույթի տեսանկյունից, աղքատության տեսանկյունից… Այս կետերը բացակայում են…Որպես հիմնական խոստում՝ հնչում էր, որ կրթությունը պետք է գնա իրավունքահենության տեսանկյունից եւ նպաստի մատչելիությանը, զարգացմանը, կրթության որակի բարելավմանը, բայց նման դրույթ ծրագրում փաստացի չկա.. »:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի