«Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն:
Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը եւ շարունակական ամրապնդումը»,-կառավարության ծրագրի, այս կետը, որն ամրագրված է ծրագրի ուղենիշների բաժնում, առաջացրել է ՀՅԴ անդամների խիստ մտահոգությունը: Այսօր այս մասին ասաց դաշնակցական Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ում տեղի ունեցած ասուլիսում:
Արծվիկ Մինասյանը իշխանություններից պահանջում է պարզաբանել՝ ինչ նկատի ունեն այդ կետով եւ արդյոք նոր իշխանությունները չեն ակնարկում, որ մինչեւ Արցախի հարցը չլուծվի՝ տնտեսական զարգացում չի լինի: Եթե այդ նկատի ունեն, կնշանակի կրկին փոխզիջումային տարբերակն են առաջ քաշում:
Aravot.am-ի, այլ լրագրողների այն դիտարկմանը, թե ծրագրի այդ կետը խոսքը Արցախի, Հայաստանի անվտանգության երաշխավորմանն է առնչվում եւ այդ երաշխիքներն են հիմքը, որպեսզի ներդրումներ գան Հայաստան, պարոն Մինասյանն ասաց, որ ՀՅԴ-ն այդպես չի հասկանում եւ այդ կետն իրենց մոտ տարաբնույթ մեկնաբանություններ է առաջացնում, ուստի հենց իշխանություններից կցանկանար լսել այդ հարցի պատասխանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ