Աշխարհում առաջնային գիծ է մղվում ուժային գործոնը և մենք պատրաստ ենք նոր իրականությանը: Ադրբեջանական Real TV հեռուստաալիքի հետ զրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Աշխարհի բոլոր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Եթե նախկինում դա փորձում էին որոշակիորեն թաքցնել, ապա այսօր անգամ դրանում անհրաժեշտություն չեն տեսնում: Այսօր աշխարհում գերիշխում է «ով ուժեղ է, նա ճիշտ է» սկզբունքը: Սա է նոր իրականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությանը: Բարեբախտաբար, մենք արդեն բազում տարիներ զարգացնում ենք մեր տնտեսական ու ռազմական հզորությունը: Մենք կարծես մեզ պատրաստել ենք այսօրվա իրավիճակին և այժմ պատրաստ ենք դրան: Ուստի ուժային գործոնը միշտ եղել է և կմնա օրակարգում: Մենք դա տեսնում ենք ոչ միայն մեր, այլև ուրիշ հակամարտությունների օրինակով: Ուստի մենք կօգտագործենք տարբեր հնարավորություններ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը մեր հիմնական խնդիրն է: Ադրբեջանի քաղաքացիները պետք է իմանան, որ դա յուրաքանչյուր քաղաքացու հիմնական խնդիրն է, պետության հիմնական խնդիրը: Մենք հետագայում էլ կշարունակենք մեր քաղաքականությունն այդ ուղղությամբ»,- ասել է Ալիևը:
Նա նաև մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Արցախի հակամարտության լուծման բանակցություններին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը:
«Հայաստանի նոր կառավարությունը սկզբնական փուլում հանդես էր գալիս այնպիսի հակասական հայտարարություններով, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հետ: Մենք, իհարկե, միանգամից մերժեցինք այդ հակասական և անհասկանալի հայտարարությունները: Այդ թվում և միջնորդները, իհարկե, չէին կարող համաձայնել այդպիսի դիրքորոշման հետ: Մնալով սկզբունքային դիրքերում՝ մենք հավատարիմ ենք բանակցային գործընթացին: Այսօր բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Արդեն տեղի է ունեցել բանակցությունների մի քանի փուլ: Մենք հույս ունենք, որ դրանք կլինեն արդյունավետ: Ուստի բանակցությունների անցկացումը, իհարկե, կարելի է գնահատել որպես դրական փաստ: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սկզբնական փուլում Հայաստանի նոր ղեկավարության կողմից առաջ քաշված սկզբունքները բացարձակապես անընդունելի են»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ