«Հարգելի պարոն ոստիկանապետ, հետեւելով ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ…»,- այսպես է սկսել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ուղղված իր դիմումը Դավիթ Սիմոնյանը (Կենտրոնի կյաժ): Հիշեցնենք, Հայաստանում իրավիճակի փոփոխության պատճառով, նա բողոք է ներկայացրել ոստիկանություն`ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ: Դիմումից հատվածն այսօր դատարանում հրապարակեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Իր դիմումում Դավիթ Սիմոնյանը նաեւ գրել է. «Ուզում եմ հայտնել Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից շենքի առաջին հարկում իր մոտ պահվող զենքով, գտնվելով թմրանյութի տակ, մեկ անգամ կրակեց ինձ վրա։ Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, եւ տեսնելով ինձ արյունով, Հայկոն ասեց՝ ես էի, եւ ինձ տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին։ Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները, ես էլ վախից գրեցի, որ ինձ վրա կրակել է Արթուրը։ Այս ամենի մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը, տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին բաց թողեցին։ Տասը տարի վատառողջ լինելով՝ դառել եմ ինվալիդ: Պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»։
Այսօր դատարանում տուժողը պնդեց, որ որեւէ մեկը չի սպառնացել կամ խնդրել իրեն` դատարանում որեւէ բովանդակությամբ ցուցմունք տալ: Մի քանի անգամ կրկնեց` նախկինում սպառնալիքների ներքո ճիշտը չի ասել: Նա պնդեց, որ Նարեկ եւ Հայկ Սարգսյան եղբայրներն իրեն սպառնացել են, որ «չեմ ապրի, դրա համար էլ ասել եմ, որ Արթուրն է կրակել բոքսի հայաթում, պատահաբար: Արթուրը հիմա ՌԴ-ում է բնակվում, Սոչիում: Նարեկի եւ Հայկի հայրը, որին Սաշիկ են ասում, փակեց գործը»:
Իր նախաքննական ցուցմունքում տուժողը նշել է նաեւ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ներսիկ Նազարյանի անունը, որն, ըստ նրա, աջակցել է Ալեքսանդր Սարգսյանին`«գործը փակելու» համար: «Տասը տարի հաշմանդամ լինելով ապրել եմ վախով, հիմա որոշեցի ասել ճիշտը»,- այսօր դատարանում հայտարարեց տուժողը:
Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հայտարարեց, որ էական հակասություններ են առկա տուժողի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ: Նրա միջնորդությունը բավարարվեց եւ տուժողի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին:
Հակասությունները վերաբերում են Հայկ Սարգսյանի կողմից թմրամիջոց օգտագործելուն, նաեւ այլ դրվագներին:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ