Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. Իշխանությունից որեւէ հիմնավոր պատճառաբանություն չենք լսել՝ ինչո՞ւ են նախարարությունների թիվը կրճատում

Փետրվար 13,2019 17:08

«Ներդրումների համար հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, ինստիտուտները, որպեսզի ներդրումները հոսեն երկիր»,-այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում կազմակերպած ասուլիսում խոսելով կառավարության ծրագրից, ասաց Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը, որը նաեւ ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգողն է:

Ըստ պարոն Մինասյանի, այդ ինստիտուտներն իրենցից ենթադրում են ներդրողների պաշտպանության համակարգ, պետություն-մասնավոր համագործակցության օրենսդրական դաշտի ձեւավորում ու երաշխիքի տրամադրում, ներդրումային ապահովագրական հիմնադրամի ստեղծում բիզնես օմբուդսմենի ինստիտուտ եւ այլն. «Առանց այս մեխանիզմների ստեղծման, միայն հայտարարությունների մակարդակով հնարավոր չէ ունենալ մեծածավալ ներդրումներ»:

Տնտեսագետ Մինասյանը գտնում է, որ ծրագրում ամրագրված 5 տոկոս տնտեսական աճով աղքատությունը չենք կարող հաղթահարել:

«Ո՞նց կարելի է կառավարության ծրագրում թիրախ համարել 5 % տնտեսական աճը: Ո՞նց կարելի է ծայրահեղ աղքատության հաղթահարումը համարել ցուցանիշ, թիրախ, առանց մտածելու, որ 5 տոկոս տնտեսական աճը, պարզապես, ի վիճակի չէ այս խնդիրը լուծելու: Եվ, ընդհանրապես, տնտեսության կառուցվածքային վերափոխման ճանապարհային քարտեզ, պատկերացում, ցավոք, չկա»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով նախարարությունների թիվը կրճատելուն, ասաց, որ նոր իշխանություններից, որեւէ հիմնավոր պատճառաբանություն չեն լսել՝ ինչու են դրանց թիվը կրճատում եւ միակ փաստարկն այն են բերում, որ լավ չեն աշխատում: Իշխան Սաղաթելյանը հարցնում է՝ որ մշակույթի նախարարությունը միավորեցին կրթության եւ գիտության նախարարությանը լա՞վ են աշխատելու:

«Առանց հայեցակարգի, առանց հասարակական լայն քննարկման, առանց դրա արդյունավետությունը վերջնական գնահատման, սխալ է կառավարության այս կառուցվածքը»:

Հարցին, թե ՀՅԴ-ն էլ տասնյակ տարիներ խորհրդարանական ուժ է եղել, երկու նախագահների օրոք եւ նոր կառավարության մաս էլ է կազմել՝ ինչո՞ւ են այսօր նրան քննադատում՝ երկրի առաջ ծառացած խնդիրները չլուծելու համար, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ որպես սոցիալ դեմոկրատական արժեքային համակարգ կրող քաղաքական ուժ եղել են հետեւողական սոցիալ-տնտեսական քաղաքականության հարցում: Ասաց նաեւ, որ թե՜ կոալիցիա եւ թե ընդդիմություն եղած ժամանակ ՀՅԴ-ն իր տեսակետները չի փոխել: Նա, որպես օրինակ նշեց Կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ լինելու ՀՅԴ-ի որոշումը եւ հիշեցրեց, թե այսօրվա կառավարությունում եւ նաեւ ԱԺ-ում գտնվող քաղաքական գործիչներից քանիս են դեմ եղել այդ համակարգին, սակայն այսօր կողմ են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728