Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր է գնանք իրենց սենյակներում իրենց հետ խոսե՞նք, որ ասենք՝ արի դու քվեարկի, հետո քեզ մի հատ պորտֆե՞լ կտանք». Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

Փետրվար 13,2019 16:17

«Կառավարությունը մեր կուսակցության կառավարությունն է, ակնհայտ է, որ մենք կողմ կքվեարկենք, որովհետեւ կասկած չունեմ, որ ես ու իմ գործընկերները նույնպես կիսում են այն մտահոգություններն ու այն տեսլականը, որը կա կառավարության ծրագրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա զարմացած էր ընդդիմադիրների պահանջից, թե նախապես մեզ հետ քննարկեին կառավարության ծրագիրը, նոր տանեին նիստերի դահլիճ: Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում ԱԺ դահլիճում, սա է քննարկումը, կառավարությունը ինչի՞ պետք է նախնական քննարկեր, եթե այդպես է, կառավարության մաս թող դառնային:

Aravot.am-ը հարցրեց՝ Էդմոն Մարուքյանը դժգոհում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ, երբ իրենք չէին բերել «Ելքի» հետ նախապես քննարկել ծրագիրը, «Ելքը» վրդովվել էր դրանից, հիմա նա ասում է, որ խորհրդարանին անտեսում են, խմբակցություններում նախապես չեն քննարկել ծրագիրը, ինչի լավ ավանդույթը եղել է նախկին իշխանությունների ժամանակ: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել պարոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը: Քննարկումը հենց սա է: Ավել քննարկում դա արդեն չեմ ընդունում, որովհետեւ կառավարությունն է ներկայացնում ծրագիրը քննարկման: Թե ՀՀԿ-ն կամ Հովիկ Աբրահամյանը ստիպված է եղել, հաշվի առնելով իրենց վիճակը, վստահության պակասը, այն ժամանակվա ընդդիմության ծանրակշիռ լինելը, ներկայացվածությունը, միգուցե ճիշտ են գտել այդպես, որ ինչ-որ ձեւով շոյեն մարդկանց ինքնասիրությունը, բայց մենք շարժվում ենք օրենքով»:

Հետո նա հավելեց. «Այլ քննարկման ձեւ, քան սա՞, փակ դռների հետեւում, երբ ինչ-որ բաներ են քննարկվում, խոսք տրվում… առաջարկներ ունեն, թող անեն: Քննարկման փուլն այն է, ինչ հիմա տեղի է ունենում, ես չեմ կարծում, որ ճիշտ է գնալ այս կուսակցության հետ կուլիսային պայմանավորվածության, այն կուսակցության հետ, պարտադիր է գնանք իրենց սենյակներում իրենց հետ խոսե՞նք, որ ասենք՝ արի դու քվեարկի, կամ ելույթ մի ունեցիր, հարց մի տուր, մենք հետո քեզ մի հատ պորտֆե՞լ կտանք»: Նա վստահեցրեց, որ նման քննարկումներն ավարտված են, այսուհետ քննարկումները լինելու են այսպես բաց՝ լրագրողների առաջ. «Մոռացե՛ք, որ քննարկումներ փակ դռների հետեւում են լինելու, իմ համար ամենավատ օրինակը Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ համագործակցության օրինակն է»:

Մեր դիտարկմանը, որ Մարուքյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը Սահմանադրության խախտումով է ներկայացվել, քանի որ չկա կառավարության կառուցվածքը, 5 անգլուխ նախարարություններ կան ու հիմա չգիտենք, թե ովքեր են այս ծրագիրն իրականացնելու՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այդ անգլուխ նախարարություններն ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ ու այնուամենայնիվ, պատասխանատվությունը կրում է այս կառավարությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728