Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք տեսնում կառավարության ծրագրում այնպիսի կարևորագույն հարցադրումներ, ինչպես օրինակ՝ հարկեր- ՀՆԱ փոխհարաբերությունը». Խոսրով Հարությունյան

Փետրվար 13,2019 16:06

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, կառավարության ծրագրում բացակայում են ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր դրույթներ։

«Մենք չենք տեսնում կառավարության ծրագրում այնպիսի կարևորագույն հարցադրումներ, ինչպես օրինակ՝ հարկեր-ՀՆԱ փոխհարաբերությունը, մինչդեռ, սա կարևոր ցուցանիշ է, որը հնարավորություն է տալիս գնահատել կառավարության տնտեսական քաղաքականությունը… Հայաստանի պարագայում շատ կարևոր կլիներ համակարգային այնպիսի բարեփոխումների մասին խոսել, որոնք կարող են երաշխավորել արտաքին բացասական ազդեցություններին հաջողությամբ դիմագրավելու մեր կարողությունների զարգացման մասին։ Այս բլոկը ես ծրագրում չեմ տեսել», -այսօր «Հենարան» ակումբում  ասաց Խոսրով Հարությունյանը։

Ըստ նրա, անհասկանալի է նաեւ տնտեսական հեղափոխություն հասկացությունը. «Այստեղ կա հասկացությունների շփոթ, հիմնական շփոթը գալիս է նրանից, որ անցյալ տարվա ընթացքում կառավարության նախորդ ծրագիրը ներկայացնելիս խոսք եղավ կտրուկ աճ ապահովելու մասին։ Եվ բոլորը կարծում էին, թե թռիչքաձև զարգացումը ենթադրում է հեղափոխական բարեփոխումներ, սպասում էին նաև այդպիսի լուծումներ։ Մինչդեռ երեկ ծրագիրը ներկայացնելիս պարզվեց, որ տնտեսական հեղափոխություն ասվածը զանգվածային մասնակցությունն է տնտեսական կյանքին… Կառավարությունը ասում է՝ մենք ստեղծում ենք ամեն հնարավորություն, որ դուք զբաղվեք բիզնեսով։ Սակայն հանրության ոչ մեծ հատվածն է, որ պատրաստ է զբաղվել  բիզնեսով։ Սխալ է ենթադրել, որ այս ձևով տնտեսության արմատական փոփոխություն կլինի։ Մրցունակ տնտեսությունը ոչ միայն որակյալ արտադրության զարգացումն է, այլև արտաքին բացասական ազդեցություններին դիմագրավելու կարողությունն է»:

Նա անընդունելի համարեց մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունների օպտիմալացումը, ըստ նրա՝ այս երկու ոլորտները շատ կարևոր են երկրի զարգացման համար։ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ,  ճիշտ կլինի նաև ստեղծել ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն. «8 մլրդ խորանարդ մետր ջրային հոսքից միայն 2 մլրդ են կարողանում կառավարել, մնացածը գնում է  Քուռ ու  Ադրբեջան։ Ճիշտ կառավարման արդյունքում, հավանաբար, Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի մակարդակն այսօր այդքան ցածր չէր լինի»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728