Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբակցությունների առաջարկները կլսեն, ըստ այդմ որոշում կկայացնեն՝ կառավարության ծրագրում փոփոխություններ անե՞ն, թե՞ ոչ:
Նրա խոսքով՝ «Անկեղծ ասած, այս երկու օրվա հարցուպատասխանից, ինչպես նաեւ տեղի ունեցած ելույթներից ես մի բան հասկացա, որ ընդհանուր բովանդակային քննարկումներ այդպես էլ չծավալվեցին եւ չեն ծավալվելու, որովհետեւ կառավարության բովանդակության հետ ընդդիմության կողմից ես կառուցողական առաջարկներ այս ֆորմատով դեռեւս չեմ լսել: Խոսվում էր կոնցեպտուալ խնդրի մասին՝ թիվ կա-չկա, անընդհատ այս բանավեճի մեջ եմ: Տնտեսության մոդելի առումով, մրցակցության բարձրացման, արտահանման ճյուղերի ուժեղացման առումով բովանդակային քննարկում տեղի չունեցավ, որի համար ես ցավում եմ: Կցանկանայի, որ ավելի վերադառնանք կառուցողական դաշտ»:
Aravot.am-ի հարցին, որ ընդդիմությունը բողոքում էր՝ դուք արհամարհել եք խորհրդարանին, կառավարության ծրագիրը նախապես չեք քննարկել իրենց հետ, ինչպիսի ավանդույթ եղել է նախկին իշխանության ժամանակ , Ավինյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչպիսի ավանդույթներ են եղել ՀՀԿ-ի ժամանակ, բայց սա կառավարության ծրագիրն է, որը ներկայացվում է 20-օրյա ժամկետում, սրա համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը եւ ոչ ԱԺ-ն: Կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկներ, բայց, այնուամենայնիվ, սա կառավարության եւ ԱԺ-ի ծրագիրը չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ