Գործարար Սիլվա Համբարձումյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է։ Այդ մասին Համբարձումյանն ասաց «Ազատության» հետ զրույցում։
Նա նշեց, որ 2008 թվականին 2 միլիոն դոլար է փոխանցել գործարար Սամվել Մայրապետյանին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին փոխանցելու համար, որն էլ իրեն հարցաքննության կանչելու առիթ է դարձել։
«Հոկտեմբերի 6-ին հարցաքննվել եմ «Մարտի 1»-ի կապակցությամբ, քանի որ ես փոխանցումներ ունեի Մայրապետյան Սամվելի հիմնարկի վրա՝ կառուցապատող հիմնարկի, 2 միլիոն դոլար։ Եվ ստուգելուց ինձ կանչել են «Մարտի 1»-ով հարցաքննության՝ պարզելու, թե ես էս գումարն ինչի համար եմ փոխանցել Մայրապետյանին։ Ես սկզբից չէի հիշում, հետո փաստաթղթերը նայելով հիշեցի, որ 2 միլիոն փոխանցել եմ, և ուզեցի ապացուցել, որ դա «Մարտի 1»-ի հետ կապ չունի, ես «Մարտի 1»-ի համար ոչ մի փոխանցում չեմ արել, ընդամենն ասել եմ՝ «ես գործարք եմ արել, գործարքիս չխանգարելու համար, որի միջնորդը Մայրապետյան Սամվելն է, ես Սամվելին եմ փոխանցել, որ հասցնի երեք հոգու՝ Քոչարյան, Արմեն Գևորգյան, Սերժ Սարգսյան», – ասաց Համբարձումյանը։
Նա նշեց, որ Մայրապետյանի հետ արդեն առերեսվել է։ «Սամվելն ասել է, որ՝ «այո՛, փոխանցել է ինձ, բայց չեմ հիշում ինչի համար», հետո գուցե ինքը հիշել է, ես չեմ կարող ասել, բայց իմ տալը կոնկրետ Մայրապետյան Սամվելի հետ է կապված եղել, ես անգամ շեշտել եմ, որ այս գումարները ես տվել եմ՝ իմ գործերին չխանգարելու համար։ Ես եմ տվել, իրենք ինձանից չեն պահանջել, իմ ցուցմունքում դա հստակ կա», – ասաց Համբարձումյանը:
Հարցին, թե ինչի՞ համար է տվել այդ գումարը, ինչպե՞ս պետք է իրեն խանգարեին և ովքե՞ր, գործարարը պատասխանեց. – «Դե ովքեր են խանգարում, ես ասել եմ, ես չեմ հրաժարվում՝ նախագահ, վարչապետ, ինձ նաև օգնել է Արմեն Գևորգյանը, նաև իրեն եմ փոխանցել իմ շնորհակալությունը, տենց էլ իմ ցուցմունքում ասված է։ Ես միայն Մայրապետյանին եմ փոխանցել 2008 թվականին»։