Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.
ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ, որոնց համար օրենսգրքի համաձայն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից,
բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր,
գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:
Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով կարող են ձեռք բերել նաև 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:
Նախկինում գործող` 160000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների):
Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019թ. փետրվարի 13-ի դրությամբ` նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել և գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում, իսկ ևս 1000 հայտ բավարարվել է, այսինքն` ներկայանալու դեպքում նրանք ևս ՀԴՄ-ները կստանան 60000 դրամով:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին