ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօր դատարանում ցուցմունք էր տալիս գործով տուժող Դավիթ Սիմոնյանը: Նա հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով։ Տուժողը հայտարարեց, որ նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայկ Սարգսյանի հետ: Իսկ 12 տարի առաջ տեղի ունեցած պատմության մասին, ինչի առիթով`իր բողոքի հիման վրա Հայկ Սարգսյանն այսօր մեղադրվում է սպանության փորձի մեջ, տուժողը պատմեց. «2007 թվականի ապրիլի մեկին ես գտնվում էի Հայկ Սարգսյանի տան նկուղային հարկում՝ ախրանայի սենյակում։ Այնտեղ էինք ես, Հայկը եւ Արթուրը: Հայկը քնած էր, Արթուրի հետ վեճ առաջացավ, Հայկը զարթնելով՝ ասեց՝ խելոք մնա, կկրակեմ եւ կրակեց ինձ վրա։ Նարեկ Սարգսյանը, լսելով կրակոցի ձայնը, իջավ, տարան Պռոշյանի վրա գտնվող հիվանդանոց, վիրահատեցին`հանեցին աջ երիկամս, լյարդս։ Ինձ ասեցին՝ կասես, որ կրակել է Արթուր Ղեւոնդյանը, հանկարծակի»:
Մեղադրողի հարցերին պատասխանելով՝ Դավիթ Սիմոնյանն ասաց, որ իր հիշելով, Հայկ Սարգսյանի մոտ էր գնացել ընտրությունների համար, քանի որ ինքն այդ տարածքում ընտրություններ էր «ապահովում»։ Ըստ տուժողի, մինչ կրակոցը, իրենք թիկնապահների սենյակում մնացել են մեկ ժամ, վիճաբանել է Արթուրի հետ՝ թմրանյութի հետ կապված: Տուժողը պնդում է, որ Հայկն արթնացել է`ասել խելոք մնացեք`կկրակեմ, հետո կրակել`չասելով, թե ինչի համար է կրակում: «Դրանից երեք-չորս օր անգիտակից եմ եղել, ինձ այցելել է Հայկ Սարգսյանը։ Կոնկրետ կարեւոր բան չեմ հիշում, որ ասել է Հայկ Սարգսյանը։ Հարցաքննվել եմ, ասել եմ, որ կրակել է Արթուր Ղեւոնդյանը, որովհետեւ սպառնացել էր Հայկ Սարգսյանը։ Իմ հիշելով մենակ Հայկն էր, ասեց՝ չես ապրի, եթե չասես, որ Արթուր Ղեւոնդյանն է։ Նարեկ Սարգսյանը, որ իջավ, իմացել էր, որ Հայկ Սարգսյանն է կրակել։ Հայկ Սարգսյանը խոստացել էր ուղարկել երիկամի փոխպատվաստման, բայց չուղարկեց»։
33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր 2018 թվականի հուլիսի 11-ին, նա մեղադրվում է սպանության փորձի մեջ. հանցագործությունը տեղի է ունեցել 12 տարի առաջ: Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին. դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակեց Հայկ Սարգսյանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ