Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ ճակատագիր կունենա Ալավերդու պղնձաձուլարանը. վարչապետը մանրամասներ ներկայացրեց

Փետրվար 13,2019 14:50

Աշխատանքները ներկայում կասեցրած Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի հարյուրից ավելի աշխատակիցներ այսօր փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգծի մի հատված՝ պահանջելով հստակ տեղեկություն՝ գործարանի հետագա ճակատագրի առնչությամբ, ինչպես նաեւ՝ նրանք վարչապետին ներկայացրել են մոտ վեց հազար ստորագրություն: Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատգամավորներից մեկը՝ հետաքրքրվելով, թե պղնձաձուլարանի աշխատանքի հետ կապված խնդիրը որ փուլում է: Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ տեղյակ է պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքի մասին, ապա ներկայացրեց Թեղուտի հանքավայրի եւ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված նախապատմությունն ու զարգացումները:

«Սկզբում եղել է այն, որ բանկը Թեղուտի հանքավայրի շահագործման համար «Վալեքս Գրուպ» ընկերությանը տվել է, ուշադրություն, 380 միլիոն դոլարի վարկ՝ ոչ առանց քաղաքական միջամտության: Սակայն ընկերությունը չի կարողացել այդ վարկը սպասարկել, այն սնանկացել է կամ սնանկության ճանապարհին է: Նախորդ տարվա մայիսից մենք բանակցել ենք եւ օգնել, որպեսզի բանկն ու ընկերությունը համաձայնության գան: Այս պատմության մեջ գրավների եւ պարտավորությունների խուճուճ համակարգ կա: Նախորդ տարի եկանք համաձայնության, որ բանկը պետք է դառնա Թեղուտի սեփականատերը, նաեւ՝ ներգրավի պղնձի ոլորտում հայտնի օպերատորի, որը կաշխատեցնի հանքը, եւ այս համատեքստում պետք է աշխատի նաեւ պղնձաձուլարանը: Հետո, երբ գործընթացը պետք է մեկնարկեր, տարօրինակ պատմություն եղավ: Ինչ-որ ընկերություն չորս հազար դոլար պարտքի համար դիմեց դատարան, որպեսզի պարտքի համար որպես հայցի ապահովման միջոց բոլոր գործընթացների վրա կալանք դրվի»,-պատմեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա նշեց, որ չորս հազար դոլարի պարտքի համար դատարանը կալանքի որոշում կայացրեց մի քանի հարյուր միլիոն դոլար ունեցող ընկերության գույքի վրա. «Այդ որոշման պատճառով նախկին պայմանավորվածությունը քանդվեց աստիճանաբար: Հիմա բանակցությունները վերադառնում են զրոյական կետի: Այն օպերատորը, որը պետք է աշխատեցներ հանքը, այս պատմություններից, կներեք, «խրտնեց» եւ հրաժարվեց…: Հիմա զանգենք դատավորին ասենք՝ «այս ի՞նչ ես անում», թե թողնենք, որ դատարանի գործընթացներն ընթանան…հասկանալի է, չէ՞, որ կառավարության կողմից մարդուն տված խոստումը կատարել-չկատարելու մասին է խոսքը: Չգիտեմ, թե ինչպես կվերաբերվեք այս փաստին, բայց մենք որոշեցինք, որ դատական գործընթացին չպետք է որեւէ կերպ միջամտենք»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բանկի եւ «Վալեքս գրուպ»-ի միջեւ բանավեճը նոր հարթության վրա է տեղափոխվել, իսկ կառավարությունը կօգնի, որպեսզի այն հնարավորինս արագ կարգավորվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728