Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չսրել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ կարգավորման համար:
«Նիկոլ Փաշինյանը չպետք է սրի իրավիճակն իր հայտարարություններով, ընդհակառակը, պետք է նախադրյալներ ստեղծի բանակցությունների համար՝ ուղղված հակամարտության կարգավորման արդյունքներին, ինչը ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարության մեջ»,- ասել է Աբդուլլաևան Interfax.az-ի հետ զրույցում:
Նա նշել է, որ դժվար է հասկանալ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը ելնելով նրա հայտարարություններից: «Մի կողմից խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմանների ստեղծման կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, փորձում է Ադրբեջանին մեղադրել «ագրեսիվ հռետորաբանության» մեջ, իբր երկիրը բնակչությանը պատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Իրականությունն այն է, որ խոսքը ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանության» մասին է, այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունների»,- ասել է Աբդուլլաևան:
Նա նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարության կողմից մինչ այժմ հնչեցրած հայտարարությունները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: «Հենց դա է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը: Բնական է, որ այդ բոլոր անիմաստ մեկնաբանություններն ընդհանրապես չեն օգնում հայկական կողմի՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կոչերին»,- ասել է Աբդուլլաևան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ