Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին որեւէ նվեր չեմ տվել ու ցանկություն չունեմ տալու». Սերգեյ Բագրատյան

Փետրվար 13,2019 14:12

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելիս ասաց, որ իր մոտ մտնող բոլոր մարդկանց խիստ ստուգման են ենթարկում, որ իր կաբինետ նվերներ չտանեն. «Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես՝ վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»:

Այսօր ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ դուք նվերներ չե՞ք տվել վարչապետին: Նա պատասխանեց. «Ես կարիք չունեմ վարչապետին նվերներ տալու: Մենք ունենք նման արտահայտություն՝ միրգը կերար, միրգը գնաց, մեր սիրելի գիրքը մնաց…Գիրք նվիրելը ես իսկապես ընդունում եմ որպես գեղեցիկ նվեր, բայց երբեք միրգ կամ նյութական որեւէ արժեք այլեւս նոր Հայաստանում տեղ չունի: Ես վարչապետին որեւէ նվեր չեմ տվել եւ ցանկություն չունեմ որեւէ նվեր տալու»:

Մենք ճշտեցինք՝ անգամ գրքի տեսքով, կամ հաշվեհամարին փող փոխանցելու տեսքո՞վ՝ Բագրատյանը պատասխանեց. «Գրքի տեսքով կամ թղթերի տեսքով, որոնց մեջ կլինեն առաջարկներ, պատրաստ եմ, բայց որեւէ այլ կերպ, իհարկե, ոչ»:

Մեր հարցին՝ ժամանակակից աշխարհում նվերները պարտադիր պետք է ոսկու տեսքո՞վ լինեն, այն էլ տանեն իր կաբինետ՝ Բագրատյանը պատասխանեց. «Մենք հասկանում ենք վարչապետն ինչ նկատի ունի: Խորհրդանշական նվերներ միշտ եղել են եւ լինելու են, դա ավելի շատ հարգանքի իմաստ ունի, տարբեր երկրներ ունեն նման ավանդույթներ: Դուք լավ գիտեք, որ վարչապետը նկատի ուներ կաշառքի տեսքով նվերներ, նվերներ, որոնց ենթատեքստում կաշառք է, դրանց մասին էր խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728