«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի շուրջ ՀՀ վարչապետին ուղղված հարցերից հետո իր ելույթում քննադատեց Նիկոլ Փաշինյանի պատասխանները: «Կառավարության այս ծրագիրը Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին է նման, որը դուք ժամանակին «կենաց» էիք անվանում: Խուսափող, մուննաթով, իսկ երբեմն՝ հեգնանքով համեմված պատասխաններ տվեցիք մեզ: Խոսում եք «սուպերվարչապետության» վերացման մասին, բայց ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ձեզ են ենթարկվում»,-նկատեց Գեւորգ Գորգիսյանը:
Նա հիշեցրեց Փաշինյանին. «Մեկ տարի առաջ ասում էիք, որ շրջափակման մեջ գտնվող ՀՀ-ի համար ազգային ավիափոխադրող ունենալը կարեւոր է, իսկ հիմա չկա կառավարության ծրագրում նման բան: Խոսում եք պարենային անվտանգության մասին, բայց գյուղատնտեսության զարգացման ծրագիր չկա: Կարծես գյուղացուն ասում եք՝ կառավարության վրա հույս մի դրեք…Ասում եք, թե կոռուպցիան վերացել է, բայց գնացեք-տեսեք, թե ինչ է կատարվում մաքսային-հարկային մարմիններում: Ասում եք, թե զինծառայողների համար հիպոթեկային ծրագիր եք մշակում, բայց նրանք չեն ուզում հիպոթեք: Ոմանք մահանում են՝ այդպես էլ իրենց հասանելիք բնակարանը չստանալով»:
Գեւորգ Գորգիսյանը կրկին մեջբերելով վարչապետի խոսքերը՝ նշեց. «Տնտեսական հեղափոխություն եք խոստանում, բայց ասում եք, որ Կառավարությունը դրա մասնակիցն է լինելու միայն: Ասում եք, որ եթե քաղաքացին ՀԴՄ կտրոն չպահանջի, վթարային շենքերը չեք կառուցի…բա մենք ումի՞ց պահանջենք պատասխանատվություն, ո՞վ է պատասխան տալու տնտեսական հեղափոխության ձախողման համար: Ենթադրենք, ԱԺ-ն հաստատեց կառավարության ծրագիրը: Այդ ծրագրում 95 անգամ հանդիպում է «պետք է», եւ 33 անգամ՝ «անհրաժեշտ է» արտահայտությունը: Մի տարի հետո մի բան հարցնենք, էլի ասելու եք «պե՞տք է»…մսով պերաշկիի մասին անեկդոտը հիշեք, պարոն վարչապետ, որը ժամանակին պատմում էիք, նայեք՝ հանկարծ այդ իրավիճակում չհայտնվեք»:
Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ կառավարության այս ծրագրում ամեն ինչ արվել է՝ պատասխանատվությունից խուսափելու եւ հետագա ձախողումները ժողովրդի վրա գցելու համար. «ՀՀԿ-ականներն էլ էին այդպես ասում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ