Նախկին ոստիկանապետ Վարդան Եղիազարյանն այսօր շարունակում էր ցուցմունք տալ` «Սասնա ծռերի» տասն անդամների գործով:
«Ձեր պարտականությունների թերացման պատճառով է, որ ներքին գործերը լավ չի աշխատել, ինչ-որ տեղ հակապետական գործողություններ իրականացրել, ծառայել է հանցավոր ռեժիմին: Ձեր մասնակցությունը կար թերությունների մեջ, դուք ընդունո՞ւմ եք, որ դուք տուժող եք»,- Վարդան Եղիազարյանին հարց ուղղեց ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը: «Այո»,- պատասխանեց նախկին փոխոստիկանապետը` հավելելով, որ իր կամքին հակառակ է պահվել ՊՊԾ գնդում:
Պավլիկ Մանուկյանի հաջորդ հարցն այսպիսին էր. «Հայ ժողովրդի աչքի առաջ ձեզ որպես դավաճան զգո՞ւմ եք»: Նախագահող դատավորը հարցը հանեց:
Ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանն էլ նախ հետաքրքրվեց, թե ո՞ր թվականից է Վարդան Եղիազարյանն աշխատում ոստիկանությունում: Պարզվեց` 1980 թվականից, հիմա կենսաթոշակառու է: Ապա ամբաստանյալը հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի մեկի տասը զոհերի համար պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա վերցրել է ոստիկանությունը եւ հետաքրքրվեց. «Դուք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել 2008 թվականի մարտի մեկի համար: Սահմանադրական կարգը տապալված է եղել, գնդակահարվել են անմեղ քաղաքացիներ: Հիմա ո՞ր մեկս է եղել ավելի ազնիվ՝ մե՞նք, թե՞ դուք, որ պաշտպանել եք հանցագործների, որոնք յուրացրել էին իշխանությունը»: Այս հարցը դատարանը նույնպես հանեց, քանի որ գործի հետ առնչություն չուներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ