«Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ, ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել ու օգնել եմ…». երեկ ֆեյսբուքյան իր էջում Պարույր Սեւակ մեջբերելով՝ այսպիսի գրառում էր արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ընդ որում, այն ժամանակ, երբ ԱԺ-ում կառավարության ծրագիրն էր ներկայացնում վարչապետը, մեջբերում Հրանտ Մաթեւոսյան՝ «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս…»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, մեր հարցին՝ հոգնեցրե՞լ եք ընդդիմությանը, պատասխանեց. «Շա՞տ է հոգնել, հլը երկար ճանապարհ պիտի անցնի ընդդիմությունը, հիմիկվանից որ հոգնի՜, դժվար կլինի հետագայում իր համար: Ու իր կարծի՞քն է սխալ, թե՞ Փաշինյանի, դա հարց է»:
Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն էլ էր հիասթափված, ասաց, որ եթե այսպես մնա կառավարության ծրագիրը, չփոխվի, իրենք կողմ չեն քվեարկելու, որովհետեւ գտնում է, որ սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ՝ Միքայելյանը պատասխանեց. «Տնտեսական հեղափոխությանը ժամանակ է պետք: Քաղաքական հեղափոխությունը եղել է ոչ թե կարճ ժամանակահատվածում, այլ 5 տարվա ընթացքում: Ու այսօր, որ գիտեք՝ էս երկիրը 20 տարի տնտեսական տեռորի է ենթարկվել իշխանության կողմից ու այս կարճ ժամանակամիջոցում միանգամից քաշել կախարդական փայտիկը ու երկրում բան փոխել չի լինի…մենք քայլ առ քայլ պիտի գնանք փոփոխությունների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ