Կառավարության ծրագիրը քաղաքական ուժերի համար ինքնահաստատման ասպարեզ է դարձել։ Առիթն իսկապես գտնված է՝ կարելի է պարզապես կոշտ քննադատության ենթարկել ծրագիրը կամ համեմատաբար մեղմ ձեւակերպումներով հայտարարել, թե «դեմ ենք քվեարկելու», եւ վերջ, ընդդիմադիրի կարգավիճակը պատրաստ է։ Առավել եւս, որ ծրագիրն անթերի չէ, ու քննադատելու պատրվակներ գտնելը բարդ չէ:
Դաշնակցությունն, օրինակ, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու եւ հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ», ակնկալվող տարեկան 5 տոկոսանոց տնտեսական աճն էլ բավական չէ տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար։ Ու քանի որ մոտավորապես նույն մեղադրանքներն են հնչեցնում նաեւ քաղաքական այլ ուժերն ու «փորձագիտական հանրույթը», արժե այս հարցերին անդրադառնալ ավելի հանգամանորեն։
Սկսենք 5 տոկոսանոց աճից։ Ճիշտ են ասում, որպես թիվ՝ 5 տոկոսն այնքան էլ տպավորիչ չէ։ Հայաստանում ավելի տպավորիչ թվեր էլ են եղել (նկարած, թե իրական՝ տվյալ դեպքում էական չէ)։ Բայց նման «մեղադրանք» ներկայացնողներն իրենք վստահաբար շատ լավ գիտեն, որ կարեւորը ոչ թե աճի տոկոսն է, այլ որակը։ Օրինակ՝ կարելի է մայրաքաղաքի կենտրոնն ավերել, հողը կոպեկներով վաճառել յուրայիններին ու շինարարական բումի հաշվին մի 10-12 տոկոսանոց աճ ստանալ, կամ պարզապես ավելի շատ պղնձի ու մոլիբդենի հանքաքար վաճառել ու «առնվազն 7 տոկոսանոց աճ» ապահովել, բայց դա տնտեսության մեջ որեւէ հեղափոխական փոփոխության չի հանգեցնի։ Իսկ եթե ապահովվի ընդամենը 5 տոկոսանոց աճ, բայց ոչ թե ընդերքի, այլ պատրաստի արտադրանքի արտահանման ու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտների հաշվին, դա կլինի հեղափոխական բեկում։ Կհաջողվի՞ իշխանություններին իրականացնել դա, թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ աճի բարձր կամ ցածր տոկոսները տնտեսական գործընթացների՝ հեղափոխական կամ ոչ հեղափոխական լինելու հետ կապ չունեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում