Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Քննարկում ենք առանց մեղադրական դատավճռի՝ գույքը բռնագանձելու մեխանիզմի կիրառումը»

Փետրվար 13,2019 12:37

ԱԺ-ում այսօր Կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ինչ փուլում է «երկրից թալանված փողերը հետ բերելու» գործընթացը: Նիկոլ Փաշինյանը օրինակով մատնանշեց, որ կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված գումարները ծառայեցվելու են բանակի կարիքներին. «Բանակի կարիքների համար գտնում ենք մեխանիզմներ, երբ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված գումարներն են ինքնակամ վերադարձվում: Որոշ դեպքերում դրանք կարող են արտացոլված չլինել բյուջեի մուտքերում: Օրինակ, երբ բանակի գնումների համար են օգտագործվում»:

Ապա Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ բավարարված չէ թալանված փողերը վերադարձնելու գործընթացի ծավալներով. «ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն այս հարցում ավելի ակտիվ պետք է աշխատեն եւ մեծ արդյունքներ ցույց տան: Քաղաքական գործընթացներում իմ զբաղվածությունը լճացման տեղիք է տվել, բայց հիմա Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի՝ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Գուցե տարօրինակ է հնչում, բայց ՄԻԵԴ դիրքորոշումներում սա նորմալ բան է համարվում կոռուպցիայի դեմ պայքարում: Այսինքն, այն չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում, այն անցումային արդարադատության տարր է, որը մարդուն քրեական պատասխանատվության չի ենթարկում, բայց անձը պետք է բացատրի իր գույքի ծագումը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ մեխանիզմը ենթադրում է հետեւյալը՝ եթե անձը չի կարողանում ապացուցել, որ իր գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ապա այն համարվում է ապօրինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728