Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաթիաս Քիսլեր. «Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու». «Ժողովուրդ»

Փետրվար 13,2019 12:33

Երեկ Հայաստանում տեղի ունեցավ «Հարկային համակարգ, արդարություն եւ տնտեսական զարգացում» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ Հայաստանից եւ արտերկրից։ Քննարկման հիմնական թեման Հարկային օրենսգիրքն էր, եւ արտերկրից հյուրերը քննարկման ժամանակ ներկայացրեցին նաեւ իրենց փորձը։ Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը։ Համաժողովի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել դեսպանին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսական հեղափոխություն անելու մասին հայտարարությանը եւ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակին։

– Ո՞րն է, ըստ Ձեզ, խանգարում Հայաստանին ստեղծել լավ եւ գրավիչ տնտեսություն այլ երկրների համար։

– Ես կարծում եմ, որ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է նպաստեն դրան։ Իհարկե, շատ կարեւոր է ունենալ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, ունենալ հաջողություններ այդ ոլորտում։ Եվ ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ այդ ոլորտում արդեն արվել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո, սակայն ես կարծում եմ, որ փոփոխություններ պետք է դեռ լինեն, եւ, իհարկե, այդ ամենը երկարատեւ գործընթաց է, եւ պետք է աշխատեն երկրի բոլոր ինստիտուտները։ Այսօր (երեկ-խմբ.) մենք քննարկում ենք Հարկային օրենսգիրքը, եւ, իհարկե, դա նույնպես պետք է գրավիչ լինի ներդրողների համար։ Ես կարծում եմ՝ ամենակարեւորն անվտանգությունն է։ Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու։ Այս ամենը տարրեր են, որոնց ուղղությամբ պետք է կառավարությունը աշխատի։

– Եվ, օրինակ, այդ ամենը հաշվի առնելով՝ Գերմանիայում կա՞ն գործարարներ, որոնք ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում կամ ներդրումներ անել։

– Այո՛, կան եւ, օրինակ, շուտով՝ երկու շաբաթ հետո, մենք ունենալու ենք գործարարներից կազմված խմբի այց Հայաստան Գերմանիայից։ Դա մարտին կլինի։ Եվ մենք տեսնում ենք, որ հետաքրքրության աճ կա այդ առումով։ Հայաստանը շուկա է եւ հաճախ նաեւ հետաքրքիր վայր ներդրումների համար։ Մենք պետք է տեսնենք՝ ինչպես կարող ենք այդ ամենը զարգացնել։ Պարզապես գերմանական ընկերություններն ավանդական ու պահպանողական են եւ նրանք փակ են աշխարհի այլ շուկաների համար։ Սակայն կարծում եմ՝ կարելի է հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է առաջ շարժվել նրանց այցից հետո։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728