Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆեթթուլահ Գյուլենը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցին. Ermenihaber

Փետրվար 13,2019 11:49

Ռուսական «Regnum» լրատվական գործակալությունը հարցազրույց է անցկացրել ազգությամբ թուրք հայտնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի հետ։ Վերջինս ինչպես հայտնի է հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից՝ մեղադրվելով Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Անկարան ԱՄՆ-ից մի քանի տարի շարունակ պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն Անկարայի պահանջը մինչ այժմ չի բավարարվել։

«Regnum»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի՝ Գյուլենի հետ անցկացրած հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

Կոլերով. Պարոն Գյուլեն նախ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք մեզ հարցազրույց տալու՝ հաշվի առնելով Ձեր խիտ աշխատանքային գրաֆիկը։ Գիտենք, որ Ձեր հարցը հաճախակի քննարկվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջկառավարական պատվիրակությունների միջև տեղի ունեցող հանդիպումների ժամանակ։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է, որ Ձեզ արտահանձնեն։ Դուք դրանից անհանգստացա՞ծ չեք։ Արդյո՞ք չեք ցանկացել տեղափոխվել այլ երկիր։ Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը նման համառությամբ պահանջում Ձեր արտահանձնումը։

Գյուլեն. Ես բացարձակապես չեմ անհանգստանում։ Այստեղ ես իմ վերջին օրերն եմ ապրում։ Կամ այստեղ կմահանամ, կամ Թուրքիայում, կամ էլ որևէ այլ երկրում։ Ես իմ կյանքում ամեն ինչ արել եմ, որպեսզի արժանանամ Ալլահի լավ վերաբերմունքին։ Այստեղ ես ապրում եմ շուրջ 20 տարի։ Այս տարիների ընթացքում իմ նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվել, ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակ բնակիչների կողմից։ Ես հավատում եմ, որ ամերիկյան իշխանություններն ի հեճուկս Թուրքիայի պահանջներին, կգործեն օրենսդրության սահմաններում։ Եթե խոսենք իմ հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառության մասին, ապա այդ ամենը կապված է Թուրքիայի ներքաղաքական իրադրության հետ։ Էրդողանին պետք է քավության նոխազ, որպեսզի իր ձեռքում կենտրոնացնի իշխանությունն։ Այս պարագայում նրանք քավության նոխազ ընտրեցին «Հիզմեթ» շարժմանը (գյուլենական համայնքին նաև այդպես են անվանում)։ Մինչև 2013թ.-ը Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները երախտապարտ էին «Հիզմեթ» շարժմանը։ 2014թ.-ից սկսած իրավիճակը փոխվեց 180 աստիճանով։ Նրանք սկսեցին մեզ սևացնել և այդ ամենն ուղեկցում էր ատելություն սերմանող հայտարարություններով։

Կոլերով. Ասում են, թե գյուլենական համայնքն առնչություն ունի 2015թ. Սիրիայում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի և 2016թ. Թուրքիայում սպանված Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի հետ։ Այդ մեղադրանքների վերաբերյալ ի՞նչ կասեք։

Գյուլեն. Ի սկզբանե ասեմ, որ ես կտրականապես մերժում եմ այդ երկու մեղադրանքները։ Դա այնքան էժանագին զրպարտություն է, որ արժանի չէ պատասխանի։ Ես դեսպանի սպանության առնչությամբ հրապարակել եմ տեսանյութ։ Մեկ անգամ ևս ցավակցում եմ, մեկ անգամ ևս անիծում եմ այդ դաժանագին սպանությունը։ Էրդողանի փորձերը՝ հեղաշրջման փորձը բարդել գյուլենական շարժման վրա, առաջացնում են միայն ծիծաղ։ Պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, նրանք մեղքն ուրիշի վրա են բարդում։ Վերադառնալով ինքնաթիռի դեպքին, ասեմ, որ այդ թեմայով խոսել եմ ռուս պրոֆեսոր, գիտնական Վիտալի Նաումկինի հետ։ Ես նրան ասացի, որ դա մեծ սխալ էր և ռուս-թուրքական հարաբերություները պետք է պահպանվել։ Ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլոն հայտարարեց, թե ինքն անձամբ է հրաման տվել խոցել ռուսական ինքնաթիռն, իսկ Էրդողանն ասաց, եթե մի անգամ էլ խախտեն Թուրքիայի օդային սահմանը, մեկ անգամ էլ կանեն նման բան։ Միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կոշտ կերպով քննադատեց Թուրքիային, վերջինիս իշխանությունները մեղքը սկսեցին բարդել գյուլենական համայնքի վրա։ Թուրքական բանակն աշխարհում հայտնի է իր կարգապահությամբ։ Չեմ կարծում, որ այդ օրը կարգապահության հետ կապված հարցեր էին առաջացել։ Չեմ կարծում, որևէ սթափ մարդ հավատում է նրան, ինչ այժմ իշխանություններն են ասում այդ միջադեպի վերաբերյալ։

Կոլերով. Չնայած, որ Մերձավոր Արևելքի գործընթացներին ներգրավված է նաև Թուրքիան, դեռևս պահպանվում են որոշ դժվարություններ։ Ըստ Ձեզ՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, հնարավո՞ր է հասնել խաղաղության։

Գյուլեն. Շատ տարիներ առաջ ես հայտնեցի իմ դիրքորոշումը Սիրիայի հարցում, Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչերին։ Ասացի, որ Թուրքիան պետք է աջակցի Սիրիայի ժողովրդավարությանը, զարգացմանը։ Ըստ իս՝ պետք է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որպեսզի նա պաշտոնավարի ևս մեկ, կամ երկու շրջան։ Սիրիային պետք է տրամադրել քաղաքական և ֆինանսական հնարավորություններ, որպեսզի Դամասկոսը շարժվի իրական արդիականացման ճանապարհով։ Դա թույլ կտա, որ քրդերը, թուրքմեններն, արաբները, քրիստոնյաները և մյուս ազգերի ներկայացուցիչներն ինքնադրևսորվեն և բոլորին հավասար իրավունքներ տրվեն։ Ցավոք նրանք համակարծիք չեղան ինձ հետ, հայտարարելով, թե ես «ոչ մի բան չեմ հասկանում այդ հարցերից»։ Այսինքն` նրանք դրանով ցանկացան ասել. «դու ինչ է կարծում ես, թե մենք լսելու ենք քո խորհուրդները»։ Սիրիայի որոշ հարցերում Ռուսաստանը վճռական դեր է խաղացել։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է ընդհանուր հայտարարի գան Սիրիայի հարցում, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ կորուստներից։

Աղբյուր` Ermenihaber/Regnum

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728