Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարացումների ելույթ. Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը. «Փաստ»

Փետրվար 13,2019 11:12
Սկսենք հենց արդարացումներից: Փաշինյանն, օրինակ, նշում է, որ պետական ապարատում կա խնդիր: Մի կողմից՝ կա կադրերի արտահոսք դեպի մասնավոր սեկտոր, մեկ այլ կողմից կա հին մտածողությամբ աշխատողների բավական մեծ քանակ, մյուս կողմից էլ կան պաշտոնյաներ, որոնք դեռևս ակտիվիստի վարքագիծ են դրսևորում: Սրանով Փաշինյանն արդարացնում կամ բացատրում է պետական ապարատի անարդյունավետությունը և լուծումը տեսնում օպտիմալացման ու աշխատավարձերի բարձրացման մեջ: Այս երկու հանգամանքներն, ընդ որում, ինչպես արդեն կարելի է գլխի ընկնել, ուղիղ կապի մեջ են միմյանց հետ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոչ միայն նախկին, այլև ներկա կադրերից, որոնց ինքն է նշանակել: Ընդ որում, ինքը կարող է նաև ազատել նրանց: Սակայն խնդիրը բացառապես կադրային չէ, այլ քաղաքական: Փաշինյանը իր քաղաքական միջավայրը կառուցել է հենց նման մարդկանցով: Կարող էր գնալ այլ ճանապարհով՝ ունենալով համաժողովրդական ահռելի ռեսուրս, բայց նախընտրել է թիմ ձևավորել հարթակում եղած ռեսուրսով: Երկրորդ՝ Փաշինյանն ինքը քանիցս իր վարքագծով հիշեցրել է ընդդիմադիր–ակտիվիստի՝ լինելով վարչապետ: Սրանով նա թելադրել է քաղաքական թրենդ, ըստ որի, պաշտոնն ու ընդդիմադիր հռետորաբանությունը համադրելի են: Մյուսները այդ ոճով սկսել են շարժվել Փաշինյանից հետո: Եվ վերջում: Քաղաքական, հեղափոխական պատասխանատվություն ստանձնած իշխանությունն անդադար բողոքում է ցածր վարձատրություններից, կարծես թե գործ ունենք ոչ թե Հայաստանը «չարիքի» ճիրաններից ազատել խոստացող ու թռիչքաձև զարգացնել երաշխավորող իշխանության, այլ բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունվելու փորձեր անող երիտասարդ մասնագետների խմբի հետ:

Մոտավոր նույն երիտասարդական անհոգությունն է զգացվում, երբ խոսքը գնում է միջազգային ներդրումների մասին: Փաշինյանը դրանց գրավական համարում է Հայաստանի իմիջը, վկայակոչում է «Էկոնոմիստ» պարբերականը: Իմիջն, անշուշտ, էական դեր ունի, բայց ոչ հիմնական, այլապես Հայաստանը ողողված կլիներ ներդրումներով: Իրական ներդրողները, սակայն, մի կողմից գալիս են՝ հաշվի առնելով աշխատուժի գին– որակ հարաբերակցությունը, մեկ այլ կողմից՝ երկրի ենթակառուցվածքային հնարավորությունները: Քաղաքական իմիջն այս երկու գործոնների հետ կապ չունի: Բացի այդ էլ Հայաստանի տնտեսական դաշտը հարմարեցված չէ ներդրումների համար, ավելի շուտ հարմարեցված է միայն խոշոր ներդրողների համար, ովքեր պատրաստ են գալ ու աշխատել հենց Հայաստանում: Բաժնետոմսեր, ակցիաներ գնելու առումով, այսինքն՝ փոքր և միջին ներդրումների համար Հայաստանի տնտեսական դաշտը հարմարեցված չէ ու իմիջը այստեղ որևէ կապ չունի: Եվ վերջում, իհարկե, ՀՀԿ–ի մասին, առանց որի նոր իշխանությունները չեն կարողանում: Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ անմասն չմնաց նախորդ իշխանությանը հիշատակելուց: Մի դեպքում կրկին բողոքեց սեփական աշխատակազմից, որ իրեն հրամցվում են տեքստեր, որոնցով իր հետ կարծես Սերժ Սարգսյանն է խոսում: Մեկ այլ դեպքում էլ մեջբերելով օպերատիվ տվյալներ՝ հայտարարեց, որ հեղափոխության հաջորդ ամիսներին եղել են փորձեր պետական եկամուտները թերի հավաքագրելու, որպեսզի հասարակության աչքերում նոր իշխանությունը թույլ երևա: Փաստացի, սակայն, թե՛ ելույթ գրողներն են իրենց աշխատանքին, թե՛ պետական եկամուտների հավաքագրման պրոցեսը խոչընդոտելու փորձեր անողներն են ազատության մեջ:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728