Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարկ Բեհրենդթ. Հայաստանը չկրկնեց հարեւան երկրների կատարած սխալները

Փետրվար 13,2019 10:37

Ամերիկայի Ձայնի հարցերին է պատասխանում Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդթը

Հարց՝ Շնորհակալություն պարոն Բեհրենդթ, մեզ հետ զրույցի համար: 2018 թվականը մեծ ու դրամատիկ փոփոխությունների տարի էր Հայաստանի համար: Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության ներկայիս վիճակն այնտեղ:

Նման մեծ փոփոխությունները սովորաբար հանրության առջև բարձրացնում են մի շարք կարևոր խնդիրներ: Կարող ենք վերլուծել անցած տարվա զարգացումները, սակայն անհրաժեշտ է նաև կենտրոնանալ հնարավոր բոլոր փոփոխությունների վրա՝ փորձելով հասկանալ, թե ինչպես իրականացնել դրանք: Դա դժվար ճանապարհ է: Իհարկե, Հայաստանը մեծ փոփոխություններ է իրականացրել անցած տարի: Այն փաստը, որ հայ ժողովուրդը խաղաղ սահմանադրական ճանապարհով ոչ է ասել Սերժ Սարգսյանին, ով փորձում էր պահպանել իշխանությունը, հիանալի փորձություն էր դրական ավարտով: Չափազանց ոգևորիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես մարդիկ կարող են հավաքվել միասին և հասնել քաղաքական նման փոփոխությունների: Այսօր աշխարհի տարբեր վայրերում գրանցվում է ժողովրդավարության նահանջ, սակայն չպետք է մոռանալ, որ ավտորիտար վարչակարգերը անկայուն են: Նրանք կարող են արագ փոխվել: Փոփոխության համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները ցանկանան դա անել ու մտահոգված լինեն դրանով:

Հայաստանում այսօր մարտահրավերները շատ են: Նման հեղափոխական ոգևորությամբ լցված իրավիճակներին ականատես ենք եղել վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ տարածաշրջաններում: Երկու անգամ Ուկրաինայում, երկու անգամ Վրաստանում, շատ անգամ Ղրղըզստանում և այլ երկրներում: Յուրաքանչյուր դեպքում, սակայն, մարդիկ չեն ստացել այն, ինչին սպասում էին: Առկա են կառուցվածքային դժվարություններ այն տեղերում, որտեղ հեղափոխությունը հաղթում է, որը դժվարեցնում է կոնսոլիդացման և բարեփոխումների իրականացման գործընթացը: Հայաստանի պարագայում առավելությունն այն էր, որ այն ինչ տեղի ունեցավ ամբողջապես Հայաստանի ներքին զարգացումն էր: Այն անսպասելի էր և որևէ կերպ հրահրված չէր դրսից: Հայաստանը չկրկնեց հարեւան երկրների կատարած սխալները: Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, որը երկար տարիներ իշխանությունից դուրս էր, այժմ հնարավորություն է ստացել համագործակցել կառավարության հետ, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այն լինի քննադատող և ստիպի իշխանությանը լինել պատասխանատու: Այսօր բնակչության 85 տոկոսն աջակցում է կառավարությանը և չկա որևէ մեկը, ով հարցականի տակ կդնի, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում:

Այս հարցը, սակայն պետք է հաճախ քննարկվի, անհրաժեշտ են քննադատող քաղաքացիական հասարակություն, մարդիկ, լրատվամիջոցներ, որոնք պետք է մարդկանց բացատրեն, թե ինչ է տեղի ունենում: Խոսքը կողմնակալ մամուլի մասին չէ: Մամուլը պետք է իրականացնի իր գործառույթը մարդկանց տեղեկացված պահելու հարցում:

Այսօր Հայաստանի իշխանությունից ակնկալիքները շատ մեծ են տեղի ունեցած մեծ փոփոխություններից հետո, սակայն արագ փոփոխությունների սպասել անիրատեսական է: Փոփոխությունները պետք է ընթանան դանդաղ և ճիշտ ուղղությամբ, և ճիշտ ճանապարհը պետք է բացահայտվի տարբեր միջոցներով:

Արդարադատության ոլորտը չափազանց կարևոր է Հայաստանում օրենքի գերակայության վերականգման համար: Այն հաջողված չի լինի, եթե իշխանությունները ուղակի պաշտոնանկ անեն միանգամից բոլոր դատավորներին: Կարևոր է, նախ, ապաքաղաքականացնել դատական համակարգը: Չեմ բացառում իհարկե, որ լինեն որոշակի քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացումներ:

Այսօր շատ են խոսում անցումային արդարադատության մասին: Այո, դրա անհրաժեշտությունը կա այս պահին: Մի գուցե այս պահին անհրաժեշտ է քաղաքական որոշում դրա համար: Հասարակությունը պետք է մասնակցի այդ որոշման ընդունմանը և դա անի, իհարկե, բոլորի կողմից ընդունված միջոցներով:

Հայաստանը 2008 թվականի ողբերգությունից ի վեր բավականին բևեռացված էր: Հայաստանի հանրության համար այժմ կարևոր է միասնությունը: Այն պետք է նաև ներգրավի մարդկանց, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների օրերին: Շատ մարդիկ կարող են լինեն կոռումպացված ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհում: Սակայն շատ մարդիկ կան, ում ներուժը պետք է օգտագործել: Վերջին 15 տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանում: Դրա մի հատվածը գրանցվել է թղթի վրա, այլ ոչ իրական կյանքում: Սակայն այդ թղթի վրա գրանցված առաջընթացը, միևնույն է, առաջընթաց է, որը կարող է վերածվել իրականության: Շատ կարևոր է չկորցնել դա:

Հարց՝ Ինչպե՞ս ԱՄՆ-ը և Արևմուտքը կարող են օժանդակել Հայաստանին այս փուլում:

Առաջին հերթին ԱՄՆ-ը և արևմտյան տերությունները պետք է գիտակցեն, որ այս ամենը վերաբերում է միայն Հայաստանին, և սա Հայաստանի որոշումն է: Յուրաքանչյուր որոշում պետք է կայացնի Հայաստանը: Պետք է հեռու մնալ իրավիճակը աշխարհաքաղաքական հարթակ տանելուց: Սա ներքաղաքական գործընթաց է, որը տեղի է ունենում անկախ երկրում: Շատ կարևոր է, որ դոնոր կազմակերպությունները, Freedom House և այլք, դիվանագետները և ընդհանրապես բոլորը գիտակցեն, որ այս ամենը պետք է նախևառաջ հարգել: Թույլ տվեք Հայաստանը ինքը կողմնորոշվի իրեն վերաբերվող հարցերում: Դա առաջնայինն է: Կարծում եմ մարդիկ գիտակցել են դա: Միջազգային ոգևորության ժամանակաշրջանը, ինչպես ցույց տվեց ժամանակը, անարդյունավետ էր: Սաակաշվիլիի օրոք, օրինակ,կար մեծ ոգևորություն, իսկ ամեն ինչ ավարտվեց նրա կողմից կատարված սխալներով: Մենք կարող ենք նշել նաև այլ օրինակներ:

Իհարկե, անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, քանի որ այդ փոփոխությունների համար պետք են դրամական միջոցներ, և անհրաժեշտ է դրանք անել համահունչ այնտեղ ընթացող գործընթացներին: Անվտանգության հետ կապված իրավիճակը Հայաստանի համար ծանր է և այն միշտ էլ շարունակելու է մեծ խնդիր հանդիսանալ: Հայաստանի համար մշտական հարցերից է, թե որն է առաջնայինը՝ հակամարտության կարգավորումը, թե ժողովրդավարության զարգացումը: Այս պահին Հայաստանի հասարակությունը որոշել է առաջնային տեղ տալ ժողովրդավարությանը: Դա նշանակում է, որ ժողովրդավարության զարգացումը չպետք է հանգեցնի հակամարտության իրավիճակի լարմանը: Չեմ կարծում, որ դրա վտանգը կա, սակայն պետք է ուշադրությամբ հետևել գործընթացներին: Եվ իհարկե փորձել հակամարտությունը տանել դեպի խաղաղ կարգավորում:

Հարց՝ Իսկ որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ազդեցություն թողնում ժողովրդավարացման գործընթացի վրա:

Տարիներ շարունակ, թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում այն ուժերը, որոնք կողմ չէին ժողովրդավարական փոփոխություններին, հեշտությամբ օգտագործում էին ազգային անվտանգության խնդիրները որպես արդարացում ժողովրդավարական փոփոխություններ չիրականացնելու համար: Այսօր որոշում է կայացված Հայաստանում, որ իրենք չեն պատրաստվում օգտագործել ազգային անվտանգության հարցերը որպես արդարացում: Փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին որոշումը վերջին տարում միասնաբար կայացրել է Հայաստանի հասարակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728