Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քյոխվաների գենետիկ հիշողությունը

Փետրվար 13,2019 10:00

Ինձ թվում է՝ մենք մինչեւ վերջ դեռ չենք հասկացել, թե ինչ է նշանակում «տեղական ինքնակառավարում»: Շատերին, այդ թվում նաեւ՝ համայնքապետերին, թվում է, որ ՏԻՄ ղեկավարները կոլխոզի նախագահներ կամ սովխոզների տնօրեններ են, որոնք, ըստ էության, ենթարկվում են «ռայկոմի քարտուղարին» եւ ամեն ինչով կախված են վերջինիս քմահաճույքներից: Պարզապես համայնքների ղեկավարները հիմա կոչվում են «գյուղապետեր», ռայկոմի քարտուղարները՝ «մարզպետեր», իսկ գյուղատնտեսության պատասխանատու Կենտկոմի 3-րդ, թե 4-րդ քարտուղարը՝ «տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար»: Ընդ որում, այդ շփոթմունքի մեջ են ոչ միայն իմ հասակակիցները, այլեւ երիտասարդները: Ահա թե ինչ է նշանակում «գենետիկ հիշողություն»:

Երկուշաբթի օրը կայացած կառավարություն-գյուղապետեր հանդիպումն առանձնապես չէր տարբերվում «նախահեղափոխական» նման հանդիպումներից: Թեմաները գրեթե նույնն էին՝ համայնքները հողի, գույքի գումարները չեն կարողանում հավաքել եւ 42 միլիարդ դրամ են կուտակել, գյուղապետարանների եւ գյուղական դպրոցների հաստիքացուցակները ուռճացված են՝ հարսներին եւ բաջանաղներին տեղադրելու նպատակով, կառավարությունը փող կտա, բայց միայն նրանց, ովքեր արդյունք են ցույց տալիս (հիշո՞ւմ եք նախորդ վարչապետերից մեկի կոչը՝ «թուղթ ու գրիչով»): Մի խոսքով, լավ չեք աշխատում, սիրելի համայնքապետեր, չեք կատարում եւ գերակատարում պլանը, համաքայլ չեք երկրում տեղի ունեցող փոփոխություններին:

Բայց այդ ամենը դեռ ամենաէականը չէ, շատ ավելի կարեւոր է գյուղապետերի վերաբերմունքը կենտրոնական իշխանությանը: Նույն քծնանքը, շողոքորթությունը, «թագավորն ապրած կենա» ոճը: Լավ է՝ դահլիճում գառ չմորթեցին վարչապետի ոտքերի տակ: Գյուղապետերի մեծ մասն արդեն դուրս է եկել ՀՀԿ-ից: Իրականում նրանց ՀՀԿ-ն բացարձակապես չէր հետաքրքրում, ինչպես դրանից առաջ չէր հետաքրքրում ՀՀՇ-ն, իսկ ավելի վաղ՝ ԽՄԿԿ-ն. քաղաքականությունն այդ մարդկանց ընդհանրապես չի հուզում, նրանք կուսակցություններ էին մտնում իրենց սեփական եւ, այո՛, նաեւ իրենց համայնքների գործերը դասավորելու համար: Հանուն արդարության նշենք, որ ներկայիս իշխանությունը նրանց չի ստիպում մտնել «Քաղաքացիական պայմանագիր»: Բայց դարավոր հոգեբանությունը եւ հարաբերությունների բնույթը դրանից չեն փոխվում. տանուտերը, ռեսը, քյոխվան փոքր ֆեոդալ է, որը ենթարկվում է ավելի մեծ ֆեոդալներին: Եվ դա կշարունակվի եւս մի քանի դար, եթե ներկայիս կառավարությունը կտրուկ, չոր եւ ցավոտ միջոցներ չձեռնարկի: Այդ հնարավորությունը նա առայժմ ունի:

…Չեմ պատկերացնում, որ, ասենք, Անգելա Մերկելը հավաքի գերմանական գյուղերի ղեկավարներին եւ նրանց խելք սովորեցնի, ղեկավար ցուցումներ տա: Բոլորը գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ ոչ ոք ոչ մեկից կախում չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Հենց նոր հադիպեցի Berliner Zeitung-ի գլխավոր խմբագիր Brigitte Fehrle-ին: Ասում եմ աղջի Բրջիթ, դու պատկերացնում ե՞ս Մերկելին Արարատի մարզպետի հետ խոսելուց: Ասավ հա, ջիգյար, բա ոնց: Ըտենց խելոք մարզպետ, ով 25000-ից ավել ձայն է հավաքել՝մենք երազում ենք ունենալ: Ըսեց բաներ, իմ ախպեր:

  2. Հ.Շ. says:

    Յարգելով հանդերձ բացառութիւնները, այս յեղափոխութեան հիմնական հետեւանքներէն մէկը կարծես այն եղաւ որ, իշխանութիւնը՝ նիւթապէս ընտրանի խաւէն անցաւ մտաւորական ընտրանիին: Իշխանաւոր հարուստներու էլիտարին փոխարինեց վերացական գիտելիքներու տէր, շատ տեսական մտածողութեամբ օժտուած իշխանաւոր էլիտար մը:
     
    Խնդիրը այն է որ, երկու պարագաներուն ալ, հեռաւորութիւնը լայն եւ խորունկ կը մնայ, իշխանութեան բարձրագոյն վերնախաւին եւ ժողովրդային զանգուածին միջեւ – որուն մաս կը կազմեն տեղական եւ մինչեւ իսկ շրջանային մակարդակի հանրային պաշտօնեաներ – : Երկու խաւերի միջեւ փոխադարձ անհասկացողութիւնն ալ կը մնայ նոյնքան խոր ու ծաւալուն:
     
    Հոլովոյթը պէտք է որ աւելի հանգրուանային, աստիճանական ըլլար: Համբերութեամբ, դիմացկոտութեամբ տեղի ունենար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728