Խորհրդարանի փետրվարի 12-ի նիստում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատգամավորներին էր բաժանում իր վաղամեռիկ ամուսնու՝ բանաստեղծ եւ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի կազմած «Հայ բանաստեղծների հատընտիրը»:
Նվիրեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավելելով. «Մեջն ականջօղ չկա»:
Խնդիրն այն է, որ մինչ այդ ելույթում պրն Փաշինյանը պատմել էր, որ վարչապետի աշխատասենյակ մտնելիս խստագույն ստուգում են անցնում եւ շատերը դա կարող են կապել անվտանգության միջոցառումների հետ. «Խստագույն հսկողություն է իրականացվում, քանի որ ուզում ձեզ ուղիղ և պարզ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են՝ սկզբից գիրք են նվիրում, հետո մի ուրիշ բան, հետո ոսկեղեններ, հետո թանկարժեք ինչ-որ բաներ և այլն՝ «կուլոններ», մատանիներ, խաչեր, ականջօղեր… եւ այդպես շարունակ:
Ես ինչքան էլ շատ դեպքերում նույնիսկ վատ եմ զգում, բայց որովհետև հնարավոր չի կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս այդքան խիստ հսկողություն չեն անցնում մարդիկ, ինչքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Ես համենայնդեպս 7 ամսվա արդյունքներով համոզվեցի դրանում, որ դա միակ տարբերակն է, որովհետև խնդրելով, աղաչելով, համոզելով չես կարող մարդկանց հետ անընդհատ կոնֆլիկտի մեջ մտնել»: