Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն «հանգիստ նստած են տեղները»

Փետրվար 13,2019 14:00

«Առավոտի»՝ «Տնտեսական իրավունքներ եւ հակակոռուպցիա» խորագրի ներքո հոդվածաշարով ներկայացրել ենք, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան բիզնես ոլորտում, ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմներ են գործում, ինչ խնդիրների են առնչվում գործարարները: Մի շարք հոդվածներից հետո արձագանքներ են եղել թե՛ քաղաքացիներից եւ թե՛ գործարարներից:

Նոր կառավարությունը հայտարարում է, որ գործարարի կողքին է լինելու եւ ամեն կերպ աջակցելու: Սակայն կառավարության ցանկությունն այլ է, բայց բիզնեսին օգնելու եւ կոռուպցիոն բացահայտումներն անելու գործընթացը երբ հասնում է իրավապահ մարմիններին, այ այստեղ ոչ կամք է լինում եւ ոչ էլ ցանկություն:

 

Քննչական կոմիտեի «անգործությունը»

«Առավոտի»՝ 2018-ին հրապարակված «Պատգամավորի հայրը ապօրինի շինարարություն է սկսել, ինչի արդյունքում քաղաքացին բիզնեսը կորցրել է» հոդվածում ներկայացրել էինք՝ ՀՀԿ-ից հիմա արդեն նախկին (հոդվածը գրելու ժամանակ՝ գործող) պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հայրը ձեռք էր բերել Երեւանի պետական համալսարանի Հյուրերի տան շենքը՝ 2,2 միլիարդ դրամով: Ստանիսլավ Համբարձումյանը Մաշտոցի 52 հասցեում Հյուրերի տան շենքը վեր է ածում «Քրոուն պլազա» հյուրանոցի: Շինարարությունը սկսվել է առանց շինթույլտվության, եւ դրա ընթացքում մեծ վնասներ է կրել ու ստիպված փակվել «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ը, որը գործում էր ԵՊՀ Հյուրերի տան նկուղային հարկում: Հյուրանոցի ապօրինի շինարարության ժամանակ «Պիլսներ Հաուս» ռեստորանի գույքը վնասվել էր, անջատել էին գազը, ջուրը, էլեկտրաէներգիան: Եվ որքան էլ ռեստորանի սեփականատերը փորձել էր դատական կարգով կանգնեցնել ապօրինի շինարարությունը, հաջողության չէր հասել, ստիպված դադարեցրեց բիզնեսը:

Ռեստորանի սեփականատեր Հարություն Ղազարյանն «Առավոտ»-ին պատմել էր, որ 2003 թվականից հանրային սննդի գործունեություն ծավալելու համար Մաշտոցի 52 հասցեում՝ Համալսարանի Հյուրերի տանը, ԵՊՀ-ի եւ պետական գույքի կառավարման վարչության հետ գույքն անհատույց օգտագործման պայմանագիր է կնքել: Ըստ Ղազարյանի՝ 2015-ին պայմանագրի ժամկետը լրացել էր, սակայն կողմը պայմանագիրը լուծելու համար չէր դիմել վարձակալին: Օրենքով՝ Ղազարյանը պետք է շարունակեր իր գործունեությունը: Հետո գործարարը դիմել էր իրավապահ մարմիններին, քաղաքապետարանը պետք է կասեցներ շինարարությունը, մինչեւ պարզվեր՝ հյուրանոցի շինարարությունն ապօրինի՞ էր, թե՞ ոչ: Սակայն քաղաքային նախկին իշխանությունները նման բան չեն ձեռնարկել:

Այս հոդվածից հետո Հարություն Ղազարյանը դիմել էր իրավապահ մարմիններին՝ արդեն այլ պահանջով: Ղազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պնդում էր՝ Ղազարյանի նախկինում եղած բողոքները պատշաճ ընթացակարգով չէին քննարկվել. «Ոստիկանության կենտրոնի հետաքննչական բաժանմունքում որոշում էին կայացրել, որ ապօրինի շինարարությունը վարչական իրավախախտում է, հետեւապես քրեական գործ հարուցելու հիմքեր չկան»: Ապա Ղազարյանն ու իր փաստաբանը նոր հիմքով եւ նոր առաջարկով էին դիմել իրավապահ մարմիններին: Ղազարյանն իր փաստաբան Սիրունյանի միջոցով դիմել էր Երեւան քաղաքի դատախազին հետեւյալ հարցադրումներով՝ Հարություն Ղազարյանը եւ «Շանտան» ՍՊԸ-ն այդ տարածքը զբաղեցնելով՝ շինարարությունը սկսելու պահից ունեցել են թանկարժեք գույք, օրինակ՝ 3 հատ մարմարե բուխարի եւ այլ թանկարժեք գույք, որոնք այս պահին գոյություն չունեն: «Սա առնվազն ուրիշի գույքը ոչնչացնել է, եթե ոչ՝ հափշտակում»,- ասել էր Սիրունյանը: Փաստաբանը նաեւ բացահայտել էր՝ Մաշտոցի պողոտայում հյուրանոցային համալիրը ձեռք բերելիս դրա քառակուսի մետրը 1400 դոլար գինը արժանահավատ չէ, չի կարող նման գին լինել, ուստի, ըստ Սիրունյանի, պետական գույքը վաճառվել է ակնհայտ ցածր գնով: Այս առնչությամբ փաստաբանը հայտնել էր Երեւան քաղաքի դատախազին: Նշված հասցեում Համբարձումյանը, ծավալած հյուրանոցի կառուցման ընթացքում, Ղազարյանի ընկերությանը տարեկան 80-100 հազարի վնաս է տվել: Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ ոստիկանության՝ «Շանտան» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Ղազարյանը հաղորդում եւ բացատրություն է տվել ոստիկանության Կենտրոնի բաժնում եւ հայտնել, որ «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ի՝ Մաշտոցի պողոտա 52 հասցեում իրականացրած շինարարության արդյունքում ոչնչացվել է «Շանտան» ՍՊԸ-ի գույքը՝ պատճառելով 25 միլիոն դրամի նյութական վնաս:

Ինչ զարգացումներ են եղել հարուցված քրեական գործից հետո, հատկապես, որ հեղափոխություն է եղել, երկրում իշխանություն է փոխվել: Երեկ մեզ հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ դժգոհ է իրավապահ մարմինների վարքագծից:

«Այս 7 ամսվա մեջ քննչական գործողություններ գրեթե չեն արել: Գործը հիմա քննչական կոմիտեում է: Քննիչները բացատրում են, թե իրենց վարույթում գտնվում է 1600 քրեական գործ, պարզապես չեն հասցնում»: Փաստաբանի խոսքերով՝ «Առաջարկել ենք գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որովհետեւ իրենց փոխարեն քննություն կատարեցինք, բավականին փաստաթղթեր ենք տվել: Այդտեղ ոչ միայն Հարություն Ղազարյանի գույքին պատճառված վնասն է, այլեւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի՝ Արման Սահակյանի ապօրինությունը կա: Կառավարության որոշման ակնհայտ ապօրինության հարց է, երբ գույքը մասնավորեցել են 1քմ-ն 1400 դոլարով: Ասել ենք՝ սա ՀՔԾ-ի տիրույթի խնդիր է, ուղարկեք այնտեղ: Բայց չէ, պատասխանել են՝ մենք այս գործը իրավասու ենք քննել: Բայց չեն քննում, քնացնում են: Մի հավի գործ է լինում, քննչական խումբ են ստեղծում, հեռուստատեսությամբ ցույց են տալիս, թե ինչ արեց կոմիտեն ու ոստիկանությունը: Բա հիմա քաղաքացու գույքն է ոչնչացրել, բիզնեսը վերացրել, ու մի հատ էլ ձեզ նվեր՝ Սերժ Սարգսյանի ստորագրությունն էլ կեղծած՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր այն ժամանակ: Էլ ի՞նչ են ուզում, բոլոր փաստերը տվել ենք: 7-րդ ամիսն է՝ առաջընթաց չկա»:

Աղի շուկայում «խառն են». հարկեր են թաքցնում

«Առավոտի»՝ «ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստ են վարձում, արդյունաբերական աղը կերակրի աղի տեղ վաճառում» հոդվածով էլ անդրադարձել էինք Հայաստանում աղի իրացման խնդրին: Մասնավորապես՝ «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանը ահազանգել էր՝ Հայաստան է ներկրվում տեխնիկական՝ արդյունաբերական աղ (հիմնականում Իրանից), որն օգտագործվում է սննդի օբյեկտներում, ինչն արգելված է: Հայաստանում չի թույլատրվում չյոդացված աղ օգտագործել, իսկ տեխնիկական աղը յոդացված չէ, թեեւ արտաքնապես ու համով այն կերակրի աղից չի տարբերվում: Տեխնիկական աղը մաքսային սահմանին ենթակա չէ ստուգման: Ղուկասյանը նաեւ նշել էր. «Ես դեմ չեմ, մարդիկ բերել են, մաքսազերծել են, պահանջարկ կա: Բայց երբ բերում են աղ, մաքսազերծում ծիծաղելի գնով, եւ ոչ մեկը չի ստուգում՝ որքանով վաճառեց, որքան է իրական հարկի չափը, ես նրանց հետ մրցակցել չեմ կարող: Բերում են 25 կիլոգրամանոց տոպրակներով, «ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստ են վարձում, անունը դնում խանութ ու ՀԴՄ-ով ամբողջը վաճառում: Այդ պարկերի վրա անգամ ոչինչ գրված չէ»: ՊԵԿ-ը մեր հարցմանն իր պատասխան հաստատել էր, որ հսկիչ-գնման արդյունքում հայտնաբերել են՝ «…առանձին հարկ վճարողի կողմից «աղ արդյունաբերական» ապրանքի 1 կգ-ի գինը հայտարարվել է 100 դրամ (պարկով) եւ 150 դրամ (տուփով), սակայն իրականում հսկիչ գնման արդյունքում 1 կգ-ի գինը մուտքագրվել է ՀԴՄ համապատասխանաբար 70 դրամ եւ 120 դրամ արժեքով։ Միաժամանակ ՀԴՄ կտրոններում փաստացի գնվող քանակները մուտքագրվել են ավելի մեծ ծավալով, քան փաստացի գնված քանակը, ինչի արդյունքում հարկային մարմնի նախաձեռնությամբ արգելափակվել են համապատասխան հարկ վճարողների ՀԴՄ-ների աշխատանքը»:

Բացի այս, կրկին մեր հարցմանն ի պատասխան, ՊԵԿ-ից վստահեցրել են՝ առանձին մաքսազերծման արժեք չեն կարող ներկայացնել, առեւտրային գաղտնիք է: Ըստ ՊԵԿ-ի՝ 2017-2018-ին ՀՀ կերակրի աղ է ներկրել 62 կազմակերպություն՝ ընդհանուր՝ 6974.562 տոննա, բոլորի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 595 միլիոն 878 հազար 178 դրամ: Ըստ ՊԵԿ-ի՝ 2017-2018-ին ՀՀ արդյունաբերական աղ է ներկրել 32 կազմակերպություն՝ ընդհանուր ներկրվել է 7570.505 տոննա, բոլորի վճարած ընդհանուր մաքսավճարը կազմել է 381 միլիոն 532 հազար 117 դրամ:

Թե այդ ներկրողները պետական բյուջե որքան հարկ են վճարել 2017-2018 թվականներին, մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնել են. «Աղ ներկրող հարկ վճարողների կողմից հարկային մարմին վճարված հարկերը (առանց մաքսային մարմիններին վճարված գումարների) 2017թ.-ին կազմել են 20,807,677.9 հազ. դրամ, 2018թ.-ին՝ 25,601,916.2 հազ. դրամ: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներկայացված ցուցանիշներում ներառված են նաեւ այն հարկ վճարողների վճարումները, որոնք զբաղվում են տարաբնույթ գործունեությամբ եւ իրականացրել են նաեւ աղի ներկրում (հնարավոր չէ տարանջատել միայն աղի գծով հարկային մարմիններին վճարված գումարները)»:

 

Աղը ոչնչացնելու, շուկայից հետ կանչելու կարգադրություն է տրվել

ՊԵԿ-ը նաեւ նշել էր. «Հաշվի առնելով, որ վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ արդյունաբերական աղ ներկրող ընկերությունից ձեռք բերումներ են կատարել ՀՀ-ում սննդամթերք արտադրող եւ սննդամթերքի առեւտրով զբաղվող կազմակերպություններ, ուստի դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է հաղորդվել նաեւ ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին»:

Երեկ մեր հարցմանն ի պատասխան տեսչական մարմնից՝ ՊԵԿ-ից ստացած տեղեկության վերաբերյալ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, ասացին, որ դեռ պետք է պարզեն: Իսկ թե տեսչական մարմինն արդյոք հայտնաբերե՞լ է դեպքեր, երբ սննդում կերակրի աղի փոխարեն արդյունաբերական աղ են հայտնաբերել, դեռ հունվարի 19-ին ուղարկած մեր այս հարցմանն ի պատասխան երեկ հայտնեցին. «Իրականացվել են աղ ներկրողների մոտ դիտարկումներ: Հայտնաբերվել են մակնշման եւ լաբորատոր անհամապատասխանություններ: Տրվել են արտադրանքի իրացումը կասեցնելու, իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու եւ ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, որոնց պահանջները կատարվել են»: Տեսչական մարմնից տեղեկացրին, որ այս խնդրի վերաբերյալ վերահսկողության արդյունքները դեռեւս ամփոփվում են, եւ այլ մանրամասները, թե՝ կոնկրետ ո՞ր ընկերություններն են նշված խախտումները թույլ տվել, կտեղեկացնեն առաջիկայում:

 

Գործարարներն արձագանքում են

Մեր աղի շուկայի խնդիրների մասին հոդվածից հետո մի քանի գործարարներ արձագանքեցին: Նրանք «Առավոտին» վստահեցրին, որ բարեխիղճ ներկրողներ են եւ հանդիպում են անբարեխիղճ մրցակցության: Կերակրի աղ ներկրող մի քանի գործարար եւս հաստատեցին՝ ՀՀ է ներկրվում արդյունաբերական աղ եւ վաճառվում կերակրի աղի անվան տակ, ընդ որում՝ դա իրացվում է ՀԴՄ կտրոններով, որոնց վրա մի գին է գրվում, իրական վաճառքի արժեքը, սակայն, ավելի բարձր է: «Հարկայինը դրանց տեղը լավ էլ գիտի, եթե պետք է՝ տեղը կասենք: Բայց վստահ ենք, որ հարկայինն այս ապօրինության մասին լավ գիտի, սա իրենց համար նորություն չի: Իրականում, այո, բարեխիղճ գործարարներն անհավասար մրցակցային պայմաններում են»,- ասացին գործարարները:

 

Ղուկասյանի այլ մտահոգությունները

Իսկ «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանն էլ մեր հոդվածից հետո ՊԵԿ-ի՝ մեզ տրամադրած ցուցանիշների վերաբերյալ մտահոգություններ հայտնեց: Նա մեզ հետ զրույցում ասաց՝ ՊԵԿ-ն իր ներկայացրած թվերով ապացուցեց, որ բազմաթիվ ներկրողներ հարկեր են թաքցնում. «Նախ՝ ամբողջ մաքսավճարից ու ներկրված քանակից պարզ է դառնում, որ մաքսազերծել են մոտ 50 դրամով, հետո 12 դրամ սահմանին վճարել են ու բերել: Իրենց ներկայացրած թվերի համաձայն՝ ստացվում է, որ մեկ կիլոգրամ աղի հարկը 1.7 դրամ է: Սահմանին վճարելուց հետո էլ հարկ չի վճարում պետական բյուջե»: Մեկ այլ խնդիր էլ նշեց Ղուկասյանը. ՀԴՄ կտրոններով իրացման դեպքում հայտնաբերել են, որ ցածր գնով են իրացրել. «Օրենքը թույլ չի տալիս հսկիչ գնում կատարելուց հետո 3 ամսից ավելի հետ գնալ, միայն 3 ամսվա խախտմանն են անդրադառնալու, իսկ նրանք ամբողջ ապրանքն են ցածր գնով վաճառել: Կարծում եմ՝ պետք է հաշիվ-ապրանքագրով վաճառվի»:

Գործարարը նկատեց՝ եթե բերում են եւ մաքսազերծում են շատ ցածր գնով, սա այլ խնդիր է, թե ինչո՞ւ սրա դեմը չեն առնում, գործարարը չգիտի. «Բայց վաճառելուց հետո եւ դրա ընթացքում պարտավոր են հարկեր վճարել: Իսկ ՊԵԿ-ն իր պաշտոնական թվերով ապացուցեց, որ մաքսավճարից բացի՝ այլ հարկ չեն վճարում: Գրել են՝ 25 մլն դրամ: Ծիծաղելի թիվ է, այն էլ հնարավոր է՝ աղի համար չեն վճարել»:

Ղուկասյանի խոսքերով՝ «Այս հոդվածից հետո մեծ արձագանք ենք ստացել, մարդկանց թվում է, թե մենք խոսում ենք մեր բիզնեսի կամ մենաշնորհային դիրքի ամրապնդման համար: Մենք ընդամենն ուզում ենք հավասար պայմաններում աշխատենք ներմուծողների հետ: 1 կգ աղի համար վճարում ենք 35-36 դրամ, ներկրողը՝ 12-13 դրամ: Այսքան տարբերություն կա, ինչպե՞ս մրցակցենք նրանց հետ:

2017-2018-ին մեր կոմբինատը վճարել է 1 մլրդ 400 մլն հարկ, որից 800 մլն՝ 2017 թվականին: Իսկ ներկրված 14 տոննայի համար վճարել են 250 մլն հարկ: Համեմատեք: Բայց մեկ այլ կարեւոր բան կա՝ սա ԱԱԾ-ի գործն է. ազգաբնակչության առողջության անվտանգության հարցն է»: Մինչդեռ ԱԱԾ-ն, ինչպես մեր նախկին հոդվածում էինք նշել, վստահեցրել էր՝ խնդիրն իրեն չի վերաբերում:

Այսպիսի անպաշտպան գործարարները 1-2-ը չեն՝ շատ են. նրանք բիզնես են կորցնում, անհավասար մրցակցային դաշտում են, ահազանգում են, բայց ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն «հանգիստ նստած են տեղները»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728