Կառավարության արձագանքը՝ երկու գործարարների բողոքներին ու բարձրացրած խնդիրներին
Վարչապետը, դիմելով արտերկրում ապրող գործարարներին, նրանց կանչում է Հայաստան՝ ասելով՝ «Եկեք, հարստացեք ու հարստացրեք»: Նրա կոչը լսելով՝ Բաղրամյան թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը եւ «Օբսիդիան ընդ Օնիքս» ընկերության հիմնադիր Ժորա Մալոյանը, որոնք արտագաղթել էին, հեղափոխությունից հետո վերադարձել են Հայաստան:
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման ընթացքում նրանք ներկայացրեցին, թե ինչ խնդիրների են բախվել այստեղ, ոչ կարողանում են հարստանան, ոչ էլ հարստացնեն:
Արմենակ Խաչատրյանն ասել էր, որ 7 ամիս է՝ դիմում է, վարչապետը չի ընդունում. «Փուչ խոսքեր են: Գյուղատնտեսության նախարարներ կան, նրանք չեն ընդունում, 7 ամիս է՝ այստեղ եմ… գնացի էկոնոմիկայի նախարարություն, այն ժամանակ Արծվիկ Մինասյանն էր, լսեց, նա փոխվեց, էս թազեն չընդունեց էլ, տեղակալն ընդունեց՝ ալո-բլո, ալո-բլո՝ արդյունք չկա: Բիզնեսներս այս ընթացքում սնանկության գործարքով վաճառվում են… Մեծ գումարներ պետք չեն, որ իմ ֆաբրիկաները գործարկվեն, 300 աշխատատեղ կլինի: 3 մլն ներդրում է պետք 3 ֆաբրիկայի համար, էժան վաճառվում է ֆաբրիկան: 0,5%-ով վարկ եմ ճարել՝ եվրոպական բանկ, բայց A կլասի բանկ են ուզում: Մենք B+ ենք, A-ն ո՞ւր է մեզ հասնի, պատկերացնո՞ւմ եք…Ես մարդ եմ, որը այն ժամանակ կարողացել է ունենալ 4 ֆաբրիկա ու քյալլա տալ դրանց հետ»: Գործարարը բողոքում էր, որ Արմավիրի նոր մարզպետն իրեն չի ընդունել. «Մի անգամ չի ասել՝ էդ տղուն կանչեք, վերջը դեր էր խաղում, 450 աշխատատեղ էր ստեղծում, ինչը մարզի համար շատ մեծ բան էր»:
«Առավոտի» հրապարակումից հետո Արմավիրի մարզպետը՝ Համբարձում Մաթեւոսյանն անմիջապես արձագանքեց ու հանձնարարեց գտնել գործարարին ու հանդիպում կազմակերպել նրա հետ: Մինչ հանդիպումը մեզ հետ զրույցում նա ասաց. «Ամենաառաջին մարդը, որ շահագրգռված է, որ մարզում լինեն ներդրումներ, բիզնես ոլորտը շնչի, դա ես եմ: Հարցն այն է՝ ես չե՞մ կանչել, թե՞ չեմ ընդունել: Չի եղել նման դեպք, որ ես չընդունեմ, լինի շաբաթ, թե կիրակի: Ես անձամբ եմ նախաձեռնում շատ հանդիպումներ: Անկախ պաշտոնից, չի եղել որեւէ մեկը, որին ես չընդունեմ, ուղղակի բացառում եմ: Արմավիրում աշխատելու իմ հիմնական պատճառն այն է եղել, որ անաչառ լինեմ, ծանոթ-բարեկամ չանեմ: Եթե մարդիկ հարցեր ունեն, որ կարող է կառավարությունը սատարի իրենց, ես միանշանակ այդ հարցը կբարձրացնեմ, որ լուծում լինի: Ես լսել եմ, որ այդ գործարարը կոնսերվատիվ հայացքներով դիմում է վարչապետին՝ պահանջելով, որ վարչապետը ձեռքը խփի սեղանին, որ էս անեն, էն անեն: Ես դա էլ չեմ հասկանում: Կարող են գան իմ մոտ, քննարկեն, հասկանանք ինչ հարցեր են»: Մեր դիտարկմանը, որ գործարարը ժամանակին լուրջ ներդրումներ է արել այդ ֆաբրիկայում, հիմա վերադարձել է ՀՀ, տեսնում է, որ իր ֆաբրիկան մաս-մաս աճուրդի է հանվում ու վաճառվում, ֆաբրիկայի նախկին մասնագետներն արտագաղթում են, աշխատատեղերը փակվում են, հիմա որպես մարզպետ, դուք ի՞նչ եք պատրաստ այդ ուղղությամբ անել: Մարզպետը պատասխանեց. «Ես շատ ու շատ ընկերներ ունեմ, որ վերադարձել են Հայաստան, հանձինս ինձ, ես էլ եմ վերադարձել Հայաստան ու շատ ու շատ բաներից ինձ զրկելով՝ եկել եմ ու ապրում եմ այստեղ, ես չեմ պահանջում, որ պետությունը պարտադիր իմ տեղն իմանա: Եթե մարդիկ այդ կարգի հարցեր ունեն, կարող են գան, քննարկենք, այնպես չի, որ մենք ամեն ինչ պիտի իմանանք, պարտադիր պիտի ես գնամ: Ես փորձում եմ մարդկանց հետ շփվեմ, հասկանամ ինչ խնդիր կա, ինչով կարող եմ օգնել: Ես կնախաձեռնեմ անձամբ, որ հանդիպեմ այդ գործարարին ու հասկանամ ինչ կարող ենք անել: Ես հենց հիմա կհանձնարարեմ, իր հետ կկապվեն, կգա, միասին կքննարկենք, ես հասկանամ՝ եթե ինչ-որ բան կա, որ մենք կարող ենք անել, ես կանեմ: Ես շահագրգռված եմ, որ այս կարճ ժամանակահատվածում ինչ-որ բան անեմ մարզի համար, որ ես էլ վարչապետի պես կարողանամ պարզ ճակատ կանգնեմ ասեմ՝ ժողովուրդ ջան, եկեք, հարստացեք ու հարստացրեք»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, լսելով Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի խնդրի մասին՝ ասաց, որ կուսումնասիրեն:
Ավելի ուշ Արմենակ Խաչատրյանին հրավիրել են մարզպետարան: Մարզպետի ու գործարարի հանդիպումից հետո Արմենակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզպետը խոստացել է կառավարության միջոցով լուծումներ գտնել: Բայց խնդիր կա՝ հաշված օրեր են մնացել ֆաբրիկայի աճուրդին. օր օրի աճուրդի գինն իջնում է. «Վերջին աճուրդն է, 236 մլն դրամ է իջել ընդամենը: Իմ վրա 3 մլն դոլարից ավելի փող է նստել, մենակ 1,5 մլն տվել առել եմ: Եթե կառավարությունը մի փոքր աջակցի, վարկային հարցերը լուծվեն, ֆաբրիկան նորից կգործարկենք»:
Երեկ մարզպետը՝ Համբարձում Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ Բաղրամյանի թռնչաֆաբրիկայի մասին խոսել է վարչապետի խորհրդականի՝ Արսեն Գասպարյանի հետ. «Փորձում ենք մանրամասն հասկանալ, թե ինչ մեխանիզմներ կարող ենք մշակել, խնդիրն ուսումնասիրել ենք, փորձում ենք լուծումներ գտնել: Ինքը որոշակի տեղեկություններ ուներ, վարկային պատմության հետ խնդիրներ կան, բավականին հաստափոր փաթեթի մասին է խոսքը գնում»: Նա ասաց, որ առաջիկայում աճուրդ է լինելու որոշակի հողատարածքների համար ու կաշխատեն մինչ այդ լուծումներ գտնել. «Կառավարության մոտեցումը հետեւյալն է՝ առողջացման մեխանիզմներ օգտագործենք, որպեսզի ֆաբրիկան սկսի նորից աշխատել: Դա մեծ ֆինանսների հետ է կապված, իրավական հարցեր էլ կան, պետք է ուսումնասիրվի ու որոշում կայացվի: Ես հետամուտ կլինեմ: Առաջիկայում պատրաստվում եմ այցելել ֆաբրիկայի տարածքը, որ առարկայական պատկերացում ունենամ, թե ինչ տարածքների մասին է խոսքը»:
Կառավարությունը հիմա հարցը ծանրութեթեւ է անում, որ պարզի՝ աճուրդով եթե գնեն այդ ֆաբրիկան, նոր գնորդը արդյո՞ք նպատակային կօգտագործի այն, կվերագործարկի՞ գործարանը, թե՞ ոչ ու ընդհանրապես հարց է՝ ո՞րն է ավելի ճիշտ՝ աջակցել ֆաբրիկայի նախկին տիրոջը, որ ոտքի՞ հանի ֆաբրիկան, թե՞ հույս կապել արդեն նոր գնորդի հետ: Մարզպետն ասաց, որ անկախ նրանից, թե ով կլինի սեփականատերը, ճիշտ կլիներ, որ շարունակեին գործարկել այն եւ աշխատատեղերի ապահովման հարցը լուծվեր:
Երեկ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ անկախ այս խոստումներից, պետության հետ հույս չի կապում, կփորձի դիմել Գագիկ Ծառուկյանին, կամ նման մարդկանց. «Սա ահավոր է, ես չգիտեմ ուր են տանում, վարչապետին էլ են գցել ծուղակը…Ամսի 20-ին էլ «Բաղրամյանը» կծախվի ու վերջ…Էնքան հուսահատված եմ պետությունից, ես, որ սաղ կյանքս բարերարությունում եմ արել: Ես հո անհնարին բան չե՞մ ուզում»:
Ուշագրավ է, որ գործարար Խաչատրյանի դիտարկմամբ՝ նախկին կառավարությունը նման խնդիրները լուծելու իր մեթոդներն ուներ, որը կոնկրետ այս դեպքում հօգուտ իրենց էր. «Մարզպետարաններին փող են հատկացնում, ասենք, այսքան միլիարդ՝ իբր շենքը վերանորոգելու, ասֆալտ անելու համար…Կանչեիք ասեիք՝ Արմեն ջան, մի տարի ժամանակ ունես, ամեն ամիս պետությանը ԱԱՀ-ի փողերը շուտ-շուտ մուծի, մի տարում էդ փողերը հետ տուր մեզ, մինչեւ գա ասֆալտի ժամանակը, մի նախադեպ անեին: Նրանք (նկատի ունի նախկին իշխանություններին) գիտե՞ս ոնց էին կարողանում էդ փողերը տիրապետեին, նրանք շուստրի էին, ոնց, որտեղ, գրանտը բերեն ուր տանեն, ինչ անեն…Սրանք՝ չէ, ազնիվ, вроде бы»:
«Դեմ առ դեմ» հաղորդման ժամանակ մյուս գործարարը՝ Ժորա Մալոյանը վստահեցրել էր, որ այլընտրանքային էներգիա ունենալու եւ մեր երկրի տնտեսությանը հսկայական օգուտ բերելու ծրագիր ունի: Նա ԱՄՆ-ից ձեռք էր բերել արտոնագիր, հիմա ուզում է ներդրում անել ՀՀ-ում, ինչը կբերի նրան, որ 30-50 տոկոսով էժան էլեկտրաէներգիա կունենանք, սակայն, կառավարության անդամները, ընդունելով Մալոյանին ու լսելով նրան՝ չեն աջակցում այդ ծրագրի ներդրմանը, ըստ նրա, բյուրոկրատական քաշքշուկների մեջ են գցում:
Մեր հրապարակումից հետո էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը արձագանքեց, որ Մալոյանին առաջարկել են Գիտության պետական կոմիտե գնալ՝ գիտական շրջանակներում հավանություն ստանալու նպատակով: Մալոյանի հետ հանդիպել է նաեւ նախարարը, քննարկել բարձրացված հարցերը եւ առաջարկել ծրագիր ներկայացնել: Ծրագիրը ներկայացնելուց հետո ուսումնասիրվել է ներկայացված հաշվարկները ու նորից առաջարկել են դիմել Գիտության կոմիտե՝ եզրակացություն ստանալու նպատակով: Փոխնախարարը «Առավոտի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է. «Չենք տեսնում որեւէ խոչընդոտ քաղաքացու համար իր կողմից առաջարկվող ծրագիրն իրականացնելու գործում, ինչպես նաեւ մեր գնահատմամբ, նա չունի նշանակալից աջակցության կարիք հետեւյալ պաճառներով՝ 1. Անտեսում է նախարարության հորդորը՝ դիմել Գիտության կոմիտե՝ համապատասխան գիտական եզրակացություն ստանալու նպատակով, 2. Չունի դժվարություններ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար՝ բանկերի հետ ունի պայմանավորվածություն, 3. ՀՀ-ում ստեղծվել են մի շարք խրախուսական մեխանիզմներ՝ վերականգնվող էներգետիկ աղբյուրներն օգտագործելու նպատակով: Օրինակ, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն, փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման շուկայի կանոններով սահմանված կարգով՝ 15 տարվա ընթացքում: Իսկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվել են արտադրվող էլեկտրաէներգիայի գնման սակագները եւ դրանց ամենամյա ինդեքսավորման մեթոդաբանությունը: Բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի համար 2018-2019թթ ժամանակահատվածում այն կազմում է 23,864 ՀՀ դրամ/ կՎտxժ՝ առանց ԱԱՀ-ի: Այսպիսով, 15 տարվա ընթացքում երաշխավորված է արտադրանքի իրացման շուկան եւ հայտնի է դրա արժեքը, որը ինդեքսավորվում է՝ կիրառելով վերոգրյալ թափանցիկ մեթոդաբանությունը: Ուստի, մեր կարծիքով, քաղաքացուն մնում է զարգացնել ծրագիրը եւ անցնել կոնկրետ գործողությունների»:
Մալոյանը հաղորդման ընթացքում նաեւ ասել էր, որ Հայաստանը «Ռենկոյի» հետ 250 մլն-անոց ծրագիր է անում ջերմակայան կառուցելու, 150 մլն-ը 15 տարում են փակելու, մնացածը՝ 10 տարում, եղավ 25 տարի, 25 տարում ջերմաէլեկտրակայանը կփչանա, երաշխիքը գործիքների 20 տարի է: Այս առչնությամբ մեր հարցմանը՝ այս մտահոգությունը սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, իսկապե՞ս նման անհեռատես ներդրում ենք արել՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից պատասխանել են՝ «ՀՀ-ում ջերմային էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու ՀՀ կառավարության ներկայիս մտադրությունների վերաբերյալ մտահոգություններին հայտնում ենք, որ այդ մտադրությունները միանշանակ հեռանկարային են, մասնավորապես, ՀՀ-ն եւ Իրանի Իսլամական հանրապետությունը կապող 400 կՎ էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծի շահագործման պարագայում, որը նախատեսված է մեկնարկել 2022-ին»: Նախարարությունից նաեւ հայտնել են, որ ջերմային էլեկտրակայանի կառուցումն իրականացվելու է մասնավոր ներդրողի միջոցներով:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
12.02.2019