Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարները, որպես այդպիսին, պարտավորություն չունեն պատասխանելու ֆեյսբուքով ուղղված հարցերին. Հովհաննես Մովսիսյան

Փետրվար 12,2019 22:44

«Մեր հիմնական առաքելությունը այս պահին կառավարության աշխատանքը հանրությանը ավելի հասանելի ու թափանցիկ դարձնելն է:  Մեր աշխատանքի գերակշիռ մասը դրան է ուղղված, որ կարողանանք հասցնել մարդկանց, թե ինչով է զբաղվում կառավարությունը»,-այս մասին այսօր տեղի ունեցած «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Որպես ոլորտային փոփոխություններ՝ նա առանձնացրեց այն, որ կրկին կառավարության նիստերը սկսեցին անցկացվել դռնբաց, նիստերի ուղիղ հեռարձակումները դարձան ավելի որակյալ, սկսեցին ակտիվ օգտագործվել սոցցանցերը. «Մի քանի սոցցանցերում ստեղծեցինք կառավարության պաշտոնական էջեր՝ այսպես ավելի ինտերակտիվ ներկայացնելով, թե ինչ գործունեություն է իրականացնում կառավարությունը: Ակտիվացան նաև կառավարության անդամները: Մասնագետներն անգամ ասում էին, որ շատ պաշտոնյաների մամուլի խոսնակներ պետք չեն»:

Որպես առաջիկա ծրագրեր նա առանձնացրեց, որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը առաջիկա ամիսներին ինտենսիվ զբաղվելու է պաշտոնական կայքերի արդիականացման խնդրով է, կմեկնարկեն նաև մեդիագրագիտության դասընթացներ հանրության համար:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նկատեց, որ շատ դեպքերում լրագրողը բախվում է այն խնդրին, որ հարցն ուղղելիս պաշտոնյայից ստանում է պատասխան, որ երեկոյան live-ի միջոցով կստանա իր հարցի պատասխանը՝ այսպիսով սահմանափակելով լրագրողին և ամբողջ դիսկուրսը տեղափոխելով սոցիալական ցանցեր, որը չի կարող համարվել պաշտոնական, իսկ դա հաղորդակցման միջավայր է, բայց պաշտոնական տեղեկատվություն տալու միջավայր լինել չի կարող: Պարոն Մովսիսյանը նշեց, որ մի բան պետք է ֆիքսել, որ ուղիղ եթերները ավելի շատ ոչ թե ԶԼՄ դաշտի համար են, այլ հանրության հետ շփվելու. «Գոնե ԶԼՄ դաշտի ներկայացուցչները կընդունեն, որ պաշտոնյաները շատ են  շփվում մամուլի հետ»:

Աշխատաժողովին ներկա լրագրողներից մեկը նշեց, որ բոլոր հնարավոր կապի միջոցները փորձելուց հետո և պաշտոնյայի հետ կապ չհաստատելուց հետո նրանք դիմում են արդեն ֆեյսբուքին, բայց այս պարագայում ևս շատ դեպքերում մնում են անտեսված: Նա առաջարկով հանդես եկավ, որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից հանձնարարական իջեցվի, որ ավելի բաց լինեն լրագրողների հետ աշխատանքում:

Հովհաննես Մովսիսյանը սրան պատասխանեց, որ նախկինում չի հիշում փորձ, որ որևէ գերատեսչության ղեկավարի հարցեր ուղղեր ֆեյսբուքով և պատասխան ստանար, իսկ նախարարները որպես այդպիսին պարտավորություն չունեն պատասխանելու ֆեյսբուքով ուղղված հարցերին նախ որովհետև չեն ճանաչում հարց ուղղողին, չգիտեն՝ ինչ լրատվամիջոց են ներկայացնում:

Լրագրողը պարոն Մովսիսյանին հակադարձեց, որ չի ասվում, թե նրանք պարտավոր են, բայց ստացվում է այնպես, որ ֆեյսբուքը PR տեսանկյունից օգտագործվում է, բայց քաղաքացու կամ լրագրողի աշխատանքի տեսանկյունից՝ ստորադասվում:

Մեկ այլ լրագրող էլ նշեց, որ ավելի լավ կլիներ, որ առաջնային ցանկացած տեղեկատվություն դրվի պաշտոնական կայքում, որի համար  այն գործում է և որի համար գումար է հատկացվում,  հետո վերջում ֆեյսբուքում, քանի որ առաջին հերթին մտնում ենք պաշտոնական կայք, բայց հիմա ստիպված ենք լինում ֆեյսբուքում փնտրել՝ այս կամ այն պաշտոնյայի էջում:

«Կարծում եմ՝ պետք  է աշխատել խոսնակների հետ, բայց եղել են դեպքեր, որ լրագրողները փորձում են ուղիղ աշխատել պաշտոնյաների հետ: Սա սխալ է»,- նկատեց Հովհաննես Մովսիսյանը:

Խոսելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի աշխատաժողովի ժամանակ կատարած այն դիտարկման մասին, որ կառավարության պաշտոնական կայքում տեղեկատվություն քիչ է տեղադրվում, պարոն Մովիսիյանն ասաց, որ gov.am-ում տեղադրվում են փոխվարչապետերի կատարած աշխատանքի, հանդիպումների մասին հաղորդագրությունները, դրա համար էլ դրանք շատ ու պարբերական չեն, իսկ primeminister.am-ում  տեղադրվում է վարչապետի մասին տեղեկատվությունը:

Իսկ տիկին Դոյդոյանն ասաց, որ դա կառավարության կայքն է, ոչ թե այս կամ այն փոխվարչապետի. «Սա կայք է, որը պետք է ներկայացնի ամբողջ կառավարութան գործունեությունը, և մեր մտահոգությունը հենց դա է: Օրինակ՝ կայքում թարմացում եղել է փետրվարի 5-ին, հետո 11-ին:  Թե ինչ է տեղի ունեցել 5-11 ընկած ժամակահատվածում կայքում չկա, բայց Facebook-ում տեղեկատվություն շատ կա: Թող կառավարության արած ծրագրերը տեղ գտնեն առաջինը հենց այդ պաշտոնական կայքերում, հետո նոր ֆեյսբուքում: Մեր մտահոգությունը սա է»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728