Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա էդպիսի բան՝ մեկը մյուսի գիրկը նստի»․ Սամվել Բալասանյանը հայտարարում է, որ «գազելները» դուրս կգան Գյումրիից

Փետրվար 12,2019 21:45

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը ներկայացրեց քաղաքի բյուջեում տեղի ունեցած փոփոխությունները՝ եկամուտներով ու ծախսերով ու նաև մանրամասնեց, թե 339 միլիոն դրամ կազմող ազատ միջոցները ինչ նպատակի համար են օգտագործվելու։ Բավական բուռն քննարկում սկսվեց, երբ տիկին Ջիլավյանը հայտնեց, որ ազատ միջոցներից 250 միլիոնը ուղղվելու է քաղաքի համար նոր տրանսպորտի ձեռք բերմանը։ Լենա Ջիլավյանը նշեց, որ ծրագիրը ներկայացնելու են կառավարություն և վստահ են, որ կառավարությունը կունենա իր մասնաբաժինը։

«Իսկ եթե հանկարծ ստացվի էնպես, որ կառավարությունը հրաժարվի, թեև ինձ թվում է, բացառված է, մենք առայժմ այսքան գումարով ձեռք կբերենք տրանսպորտը, մյուս տարի էլ կունենանք ազատ միջոցներ», -ասաց Լենա Ջիլավյանը։

Սամվել Բալասանյանն էլ հավելեց․ «Էն, որ տնտեսում ունենք երկու հարյուր քանի միլիոն պատահական չէ, իրոք լավ աշխատանքի արդյունք է և հավաքագրման, մենք հավաքագրումը 101 տոկոս հասցրեցինք։ Բացի դրանից, ասեմ, որ այս տարիների ընթացքում՝ 2012 թվականից մինչև հիմա, 1,3 միլիարդ վարկ ուներ Գյումրի քաղաքը, հիշեցի՞ք, որից 400 միլիոնն ուղղակի գրված էր, իբր ասֆալտ էին արել։ Այս տարիների ընթացքում 700 միլիոն պարտք փակեցինք, չկան այսպիսի տվյալներ որևէ համայնքում։ Երևան քաղաքում պարգևավճարները 2 միլիարդ է, մեր բյուջեն էլ է 2 միլիարդ»։

Սամվել Բալասանյանը մանրամասնեց, որ կառավարության մասնակցությունը կլինի 59 տոկոս, 41 տոկոս էլ համայնքինը, նախատեսել են Գյումրի ներկրել ռուսական արտադրության «Գազել Next» մակնիշի ավտոբուսներ, որոնք աշխատելու են հեղուկ գազով ու բենզինով, ճնշման գազով չեն կարող աշխատել։

«Շատ գեղեցիկ ավտոբուսներ են, քաղաքին շատ հարմար, եթե կառավարությունը մասնակցեց, մեր երազանքները շուտ կկատարվեն, եթե չէ, մենք կբերենք մեր գումարով։ 2021 թվականին գազելները մենք ընդհանրապես չենք կարող շահագործել, որովհետև տարիքային խնդիր ունենք, կմնան էդ մի քանի չինական ավտոբուսները»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Ավագանու ԲՀԿ-ական անդամներից մեկը հետաքրքրվեց, թե այն վարորդները, որոնք նախորդ տարի չէին կարող մրցույթի մասնակցել «գազելների» հին լինելու պատճառով, եթե քաղաքապետի հորդորով գնել են նոր տրանսպորտային միջոցներ, նորից ցույցի դուրս գան իրենց հնարավորություն չտալու համար։ Ի պատասխան՝ Սամվել Բալասանյանը հորդորեց ու խնդրեց ներդրում կատարելու ցանկություն ունեցողներին գնել ավտոբուսներ, քանի որ քաղաքը դրա կարիքը շատ ունի և իրենց գնածը հաստատ բավարար չի լինի։

«Գազելը դուրս պտի գա, չկա էդպիսի բան մեկը մյուսի գիրկը նստի, մեկը մյուսից ուսից կախվի, վերջը քաղաքակիրթ քաղաք պտի դառնանք», -ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728