Դավոսի տնտեսական ֆորումի՝ շուկայի մոնոպոլիզացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով՝ 2018 թվականին Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ 9 կետով բարելավելով դիրքերը: Այս մասին ֆեյսբուքում գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը: Այդ ցուցանիշը, վարչապետի խոսքով, «կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»:
Չնայած մենաշնորհների վերացմանը, օրինակ, շաքարի, բանանի, բենզինի, կարագի շուկաներում, որոնք մոնոպոլ էին համարվում, զգալի գնանկում չի լինում կամ գնաճ կա: Օրինակ՝ 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ Հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.1% գնանկում, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Գնանկում կա բենզինի և դիզելային վառելիքի շուկայում. 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար՝ 6.7% և 5.7%-ով, իսկ 2018թ. հունվարի համեմատ՝ 6.0% և 2.4%-ով: Բանանի գինն էլ հունվարին՝ 2018-ի դեկտեմբերի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, աճել է 19.9%-ով:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ շուկայի մոնոպալիզացման մակարդակը չի վերաբերում բացառապես մենաշնորհային շուկաներին: Դա, ըստ նրա, ընդհանուր ինդեքս է մոնոպոլիզացիայի մակարդակը գնահատելու համար, որտեղ դիտարկվում են ներմուծման, արտահանման արգելքների առկայությունը. «Հետևաբար՝ այդ տեղաշարժը պետք է դիտել այդ կոմպոնենտներով։ Այսինքն՝ ոչ թե առկա գերիշխող դիրք ունեցող շուկաներում խաղացողների որոշակի ակտիվություն է նկատվել, այլ այդ արգելքներն են համեմատաբար մեղմվել: Իհարկե, կես տարվա մեջ դժվար է ադապտացվել, մտնել այն շուկաներ, որոնք առանձնացել են համակենտրոնացվածության աստիճանով: Եթե գլոբալ վերցնենք, տնտեսական խաղացողների համար Հայաստանում մինչև վերջ խաղի կանոնները պարզ չեն, ու այդ անորոշությունը ևս թույլ չի տալիս, որ արագ որոշումներ կայացվեն: Այն առումով պարզ չեն, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում, դրանք ինչի՞ են հանգեցնելու կամ հռչակված ուղղությունները կյանքի՞ են կոչվելու, թե՞ ոչ»,- ասաց տնտեսագետը:
Ըստ Կառլեն Խաչատրյանի՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու տեսանկյունից պետության հիմնական անելիքը նորմալ ներդրումային միջավայր ապահովելն է, որը ենթադրում է մի քանի կարևոր բաղադրիչի իրականացում. «Նախ՝ մրցակցային միջավայրի ապահովում՝ մոնոպոլյաների դեմ պայքար, արհեստական մենաշնորհների վերացում: Երկրորդը հարկային բարենպաստ պայմաններն են: Այստեղ ոչ այնքան հարկային ցածր դրույքաչափեր ունենալն է, որքան հարկային ընթացակարգերի, վարչարարության պարզեցումը, հարկման հնարավորինս կանխատեսելի, հարկային բեռի արդարացի բաշխման մեխանիզմների ներդնումը: Մյուս կարևոր խնդիրը երկրում բիզնեսի շահութաբերությանը աջակցելն է, այսինքն՝ պետությունը պետք է իր քաղաքացիների արտադրողականությանը միտված քայլեր ձեռնարկի:
-Պարոն Խաչատրյան, ներդրումների մասին խոսելիս, տպավորություն է, թե այս կառավարությունը շեշտը դնում է միայն արտաքին ներդրումների վրա, մինչդեռ ներքին ներդրումների ցուցանիշը ևս բավարար չէ…
-Այո, եթե բավարար լիներ ցուցանիշը, ապա չէինք ունենա այն պատկերը, ինչն ունենք: Մենք խոսում ենք արտաքին ներդրումների մասին՝ մոռանալով ներքին ներդրումները: Այստեղ բավականին մեծ ծավալի կապիտալ կա: Վերջին 15 տարիների ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ խոշոր գործարարները բիզնեսներ են հիմնել Վրաստանում , ԱՄՆ-ում, Դուբայում և այլուր, այսինքն՝ բիզնես կապիտալի արտահոսք է տեղի ունեցել, ու դա խոսում է մեր երկրի՝ ներդրումային առումով գրավիչ չլինելու մասին: Իմ կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը հարկային օրենսդրության հաճախակի փոփոխություններն են, որոնք կանխատեսելի չեն դարձնում խաղի կանոնները բիզնեսի համար՝ գոնե 5 տարվա կտրվածքով: Այսինքն, ամեն տարի փոփոխություններն անելով, մեծացնում ենք անորոշությունը: Հետևաբար՝ պետությունը հարկային մասով պետք է ստանա մի փաստաթուղթ, որը գոնե 3-5 տարի էական փոփոխություններ չի կրելու, և հայտարարի, որ աշխատելու են այդ հարկային դաշտում, նշված տրամաբանությամբ:
Երկրորդ խնդիրը տնտեսագետը համարում է մասնավոր սեփականության պաշտպանվածության մակարդակը, որը, ըստ նրա, Հայաստանում ցածր է գնահատվում. «Այստեղ, սակայն, ոչ այնքան օրենսդրական բարեփոխումներն են, որքան նորմալ դատաիրավական համակարգը, որը չկա: Ինչքան էլ շահութաբերությունը, հարկման դրույքաչափը առաջնային են, ներդրողներն ուզում են, որ իրենց ներդրած գումարը կապիտալի տեսքով չկորցնեն, այսինքն՝ վստահ լինեն, որ իրենց կառուցած գործարանը, հյուրանոցը կամ այլ ակտիվ պաշտպանված է լինելու և չի հայտնվելու մեկը, որ ասի՝ տուր մեզ, կամ ուղղակի դատական կարգով խնդիրներ ունենան: Այդ բաղադրիչը ներդրողների կողմից անպայման հաշվի է առնվում, թե տվյալ երկրում պաշտպանվա՞ծ է արդյոք սեփականության իրավունքը»,- նշեց Կառլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը կառավարության ծրագրի տնտեսական հատվածը դրական է համարում, չնայած, ըստ Խաչատրյանի, թվեր, ժամկետներ ու կոնկրետ «պատասխանատվություն» նշված չէ. «Ծրագրում թիրախավորումները նոր չեն. դրանք կարող ենք գտնել նախորդ կառավարությունների ծրագրերում: Իմ կարծիքով՝ այստեղ ավելի շատ պիտի քննարկենք կառավարության տարբեր ստորաբաժանումների կարողությունները, որոնք այդ լավ գրված ծրագիրը պիտի կյանքի կոչեն: Էլի եմ ասում՝ լավ չէ, որ ծրագրում թվեր ու ժամկետներ չկան»:
Սլավա Բադալյան