Վրաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի հրավերով մեկօրյա այցով Թբիլիսում է գտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բացման խոսքով հանդես է եկել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար GIZ-ի կողմից կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքների մեկնարկի միջոցառմանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Տիգրան Գալստյանը շեշտել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համագործակցության առկա ձեւաչափը, չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, ապացուցել է իր արդյունավետությունն ու բոլոր մասնակիցների համար օգտակարությունը:
Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Վրաստանի խորհրդարանում պաշտոնական հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատակազմերի զարգացման հեռանկարներին եւ երկկողմ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին:
Որպես աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար՝ Տիգրան Գալստյանը ներկայացրել է ՀՀ նորընտիր Ազգային ժողովի աշխատակազմի խնդիրներն ու դրանց լուծման իր տեսլականը:
Տիգրան Գալստյանն ու Գիվի Միկանաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել Արեւելյան գործընկերության ձեւաչափից զատ ակտիվացնել համագործակցությունը բազմակողմ այլ ձեւաչափերում եւս, նախանշել առաջիկա երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղությունները:
Նույն օրն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Վրաստանի Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեի հետ:
Զրուցակիցները երկուստեք ներկայացրել են խորհրդարանների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաեւ կիսվել խորհրդարանական վերահսկողության ուղղությամբ իրենց օրենսդիր մարմինների առկա հնարավորություններով ու իրացման փորձառությամբ:
ՀՀ Ազգային ժողով