Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատեց կառավարության գործելաոճը, որ կառավարության ծրագիրն առանց խմբակցությունների հետ քննարկելու՝ միանգամից նիստերի դահլիճ է տարել: Մինչդեռ դեռ ՀՀԿ-ի ժամանակներում նման լավ ավանդույթ կար, որ նախ խմբակցությունների հետ քննարկեն.
«Այդ փուլն այս անգամ որեւէ կերպ չի օգտագործվել: Կան քաղաքական մշակույթի տարրեր, որոնք վատը չեն եղել, դա վատը չի եղել, որ մինչեւ դահլիճը մենք քննարկում էինք: Հիմա խորհրդարանն արհամարհվել է եւ միանգամից ստացել է ծրագիր՝ դահլիճում Դա պետք է նախաձեռներ վարչապետը, խորհրդարանական ուժերը չպիտի նախաձեռնեին, նախկինում էլ մենք չենք նախաձեռնել: Սա պատմության մեջ առաջին նման դեպքն է»:
Երկրորդ խնդիրը, որ բարձրացրեց Մարուքյանը, հետեւյալն է՝ «Մենք քննարկում ենք մի ծրագիր, որն իրականացնողները հայտնի չեն: Կառավարությունը չունի կառուցվածք, չկա այդ օրենքը, որը մեզ հնարավորին տեսլական կտար, թե ովքեր են, ինչ կառուցվածքով են այս ծրագիրն իրականացնելու:
Կան 12 նախարարներ, բայց կան 17 նախարարություններ եւ կան 5 նախարարություններ, որոնք չունեն նախարարներ: Սահմանադրության խախտմամբ այս նշանակումները տեղի են ունեցել ու սրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրել:
Կոնկրետ հարց ենք տվել, ասել ենք՝ Սահմանադրությունը խախտել եք, շտկեք, չի շտկվել: Կա հին կառուցվածք, կան 5 անգլուխ նախարարություններ: Հիմա այս ծրագիրն ովքե՞ր են իրականացնում, ի՞նչ կառուցվածքով՝ խորհրդարանին հայտնի չի, որովհետեւ խորհրդարանը սկզբից պիտի ունենա կառուցվածք, հետո ծրագիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ