Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է գյումրեցի կնոջը սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը պահվում ռազմաբազայում. բողոք՝ Շիրակի դատարանին

Փետրվար 12,2019 18:09

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հետաձգեց անցած տարվա դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Անդրեևիչ Ռազգելդիևին ռուսական 102-րդ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունը։ Դատական նիստը հետաձգելու պատճառն այն էր, որ քննչական վարչությունը չէր ներկայացրել բողոքի վերաբերյալ նյութերը։

Դատարան բողոք էին ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը և Հայկ Հակոբյանը։ Նրանք բողոքում են Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանի՝ 29.12.2018թ. որոշման դեմ, որով վերջինս ամբողջությամբ մերժել է հանցագործության մեջ մեղադրյալ ռուս զինծառայողին 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար միջոցներ ձեռնարկելու միջնորդությունը։

Վ. Սամվելյանի 29.12.2018թ. որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից բողոքարկվել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին, սակայն դատախազի տեղակալ Վ. Միրզոյանը ևս ամբողջությամբ մերժել է այն։ Թե՛ Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալը, և թե՛ Շիրակի դատախազի տեղակալը բողոքը մերժելիս մեջբերել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 29.08.1997 թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 8-րդ հոդվածը՝ նշելով. «Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Անդրեյ Անդրեևիչ Ռազգելդիևը չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը»։

Փաստաբան Արայիկ Զալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Պետք է ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ և այն պատճառաբանությունը, թե խախտվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, դա մեզ համար ուղղակի անհիմն պատճառաբանություն է։ Նույնիսկ վկայակոչված չէ, թե ինչ օրենսդրություն է խախտվում, ուղղակի մեկ նախադասություն է մեջբերված, որ խախտվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը։ Ցանկացած հարցի վերաբերյալ մերժում կամ նման հիմնավորում յուրաքանչյուրս կարող ենք տալ։ Մենք պահանջում ենք, որ կատարվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը և վերջ դրվի կամայականությանը, թե խախտվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը։ Նույնիսկ համաձայնագրի այն կետը, որը վկայակոչվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից, յուրաքանչյուր անձ ընթերցելով կհասկանա, որ տվյալ կարգավորումն այս դեպքի հետ ուղղակի կապ չունի։ Իրենք բերել են մի դաշտ, որ խախտվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը՝ չունենալով որևիցե պատճառաբանություն»։
Մեր հարցին՝ քննչական գործողությունները հայկական կողմի հետ ոուսակա՞նն է իրականացնում, Արայիկ Զալյանն ասաց, որ նման տեղեկություն չունի։ Արայիկ Զալյանը նաև ասաց, որ իրենք՝ որպես տուժողի իրավահաջորդ, լիազորություն չունեն այցելել ռազմաբազա և տեսնեն, թե որտեղ է պահվում հանցագործության մեջ մեղադրվող անձը։

Կա՞ նախնական վարկած, թե որն է եղել գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու դրդապատճառը, Արայիկ Զալյանն ասաց՝ ոչ։

Նշենք, որ դատարան բողոք ներկայացնելիս՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանի և թե՛ Շիրակի դատախազի տեղակալ Վ. Միրզոյանի մեջբերած պատճաբանության հետ կապված մասնավորապես նշված է.

«Հարկ ենք համարում նշել հետևյալը.

ՌԴ 102-րդ ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերի քննության վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով։ Մասնավորապես, նշված համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները», որից հետևում է, որ սույն քրեական գործի շրջանակներում կիրառման է ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728