Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասնավոր կյանքին վերաբերող ասեկոսները հաճախ հիմք են հանդիսանում տվյալ անձին աշխատանքից ազատելուն

Փետրվար 12,2019 18:25

ՀՀ Սահմանադրության 29 և 31 հոդվածները հստակեցնում են, որ արգելվում է սեռով պայմանավորված խտրականությունն ու մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը, սակայն պարզվում է, որ այս կետերը երբեմն խախտվում են նաև որոշ գործատուների կողմից: Եթե ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում մարդու մասնավոր կյանքին վերաբերող հրապարակումները դիտվում են որպես PR ի օգուտ տվյալ անձի հանրային ճանաչելիության բարձրացման, ապա ՀՀ-ում ամբողջովին հակառակն է` մասնավոր կյանքին վերաբերող ասեկոսները հաճախ հիմք են հանդիսանում տվյալ անձին աշխատանքից ազատելուն, հատկապես, եթե այդ ասեկոսները կանանց են վերաբերվում:

Դեպքերը, երբ գործատուները դուրս են գալիս իրենց իրավասությունների շրջանակից և աշխատակցի անձնական կյանքի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունների հիման  վրա լուծում աշխատանքային պայմանագիրը բացառություններ չեն:

Կան բազմաթիվ դեպքեր, երբ հենց կին աշխատակիցները չեն ցանկանում բարձրաձայնել այդ իրավախախտումները՝  խուսափելով իրենց անձնական կյանքին վերաբերող դրվագները հանրային քննարկման առարկա դարձնելուց: Սակայն որպես վառ օրինակ կարող է հանդես գալ արդեն իսկ հանրային քննարկման դիտակետում հայտնված՝ մամուլում և ընդհանրապես հանրության լայն շերտերում մեծ աղմուկ բարձրացրած հայ դերասանուհու` Անժելա Սարգսյանի պատմությունը, որը հայտնի էր «Արմենիա» հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող բազմասերիանոց ֆիլմերից մեկով, ինչպես նաև, որպես Դրամատիկական թատրոնի դերասանուհի:

Անժելա Սարգսյանի անձնական կյանքը հիմք դարձավ գործատուի համար նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ կետ, որով հիմնավորվի, որ աշխատանքից դուրս՝ մասնավոր կյանքն ունենալու իրավունքից օգտվելը գործատուի համար հիմք է աշխատանքային պայմանագիր լուծելու համար:

Անժելա Սարգսյանը, որպես կին խոցելի  դարձավ իր մասնավոր կյանքն ունենալով և նաև խտրական վերաբերմունքի արժանացավ գործատուի կողմից, քանի որ, վստահ եմ, հակառակ սեռի պարագայում` խնդիրը, այդպիսի լուծում չէր ստանա:

Այս տեսակ իրողությունները անհետևանք չեն մնում նաև մարդկային հոգեբանության վրա և դիտարկելով իրականությունը` կինն առաջին իսկ հնարավորության դեպքում լքում է նաև երկիրը:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 114-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված է, որ սեռը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը չեն կարող համարվել աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ:

Այստեղ` ամուսնական վիճակ և ընտանեկան դրության շրջանակներում մի գուցե ճիշտ կլինի ավելացնել նաև աշխատանքից դուրս աշխատողի անձնական կամ մասնավոր կյանքին վերաբերող ինֆորմացիան պայմանագրի լուծման պատճառ չեն կարող դառնալ, քանի որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 132-ի 4-րդ կետում գրված է, որ գործատուն իրավունք չունի ձեռք բերելու և մշակելու աշխատողի քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների կամ անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ:

Աշխատանքային հարաբերությունների հետ անմիջականորեն կապված դեպքերում գործատուն իրավունք ունի ձեռք բերելու և մշակելու աշխատողի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ` միայն նրա գրավոր համաձայնությամբ:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728