ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե կառավարությունն ինչու է լուծարում «Շիրակի հեռուստաընկերությունը», չէ՞ որ սոցիալական խնդիր է ստեղծվում բնակիչների համար:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Շիրակի հանրային հեռուստաընկերությունը» «Հանրային հեռուստաընկերության» մասնաճյուղն է Շիրակում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չունենք «Արմավիրի հանրային հեռուստաընկերություն» կամ «Սյունիքի հանրային հեռուստաընկերություն»։ Ուրեմն, մյուս մարզերն էլ պետք է ունենան, չէ՞: Շիրակի պարագայում, կարծում եմ, մասնաճյուղը բացվել էր, որպեսզի սփռման դժվարությունները լուծվեին: Այդ մասնաճյուղի գոյությունը տրամաբանական չէր, ուստի կառավարությունը որոշել է լուծարել այն»:
Ապա Փաշինյանը տեղեկացրեց՝ կա ներդրող, որը պատրաստակամ է ներդրումներ անել «Շիրակի հեռուստաընկերությունում», ուստի այն առաջիկայում օտարման կարգով կհանձնվի այդ ներդրողին: «Աշխատատեղերը կպահպանվեն առնվազն մի քանի տարի։ Մենք պայմանավորվել ենք ներդրողի հետ, որ հեռուստաընկերության աշխատակիցները չեն մնա առանց աշխատանքի»,-եզրափակեց վարչապետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ