Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի հումորը՝ հակահեղափոխական ԱԺ-ի մասին ու Փաշինյանի անեկդոտը՝ «մսով պերաշկու» հետ կապված

Փետրվար 12,2019 17:59

«Սա հակահեղափոխական ԱԺ է, 53 հարց տալ, 3 օրով կտրել կառավարությանը աշխատանքից…Լրիվ հակահեղափոխական են, այդքան հարց ո՞նց կարելի է տալ՝ կառավարությանը կտրելով իր կարեւոր գործերից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կատակեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Aravot.am-ը հիշեցրեց՝ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի մասին, «պերաշկու» անեկդոտն էր պատմում, որ երբ մարդը մսով պերաշկի է առնում, կծում է, ասում է՝ միսն ո՞ւր է, ասում են՝ դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է՝ ո՞ւր է, ասում են՝ հոպ, անցար, հիմա կառավարության ծրագիրն այդ «պերաշկու» օրին չէ՞, չգիտենք՝ «միսն» անցե՞լ ենք, հասե՞լ ենք: Նա պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ, որովհետեւ երբ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի մասին էինք խոսում, խոսում էինք այլ իրավիճակի, այլ ռեժիմի մասին: Կարծում եմ, այս ծրագիրը շեշտակիորեն տարբերվում է: Հենց միայն կրթության ոլորտի, կամ մշակույթի տարբերությունները վերցրեք, կտեսնեք, որ նախկինում առաջնահերթությունները, շեշտադրումներն այլ էին»:

Նա հիշեցրեց, որ «Իմ քայլի» ծրագիրը ներկայացնելով՝ ասել էին, որ հիմնական ուղղություններն են լինելու կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները. «Այս ծրագիրն էլ ըստ էության, նախընտրական դաշինքի ծրագրի վրա է հիմնված ու միանգամայն այլ ուղենիշներ են այս կառավարության համար դրված: Իհարկե, հեղափոխությունից հետո կարող ենք զրոյական կամ միջին ընթացք ունեցող համակարգեր ստեղծել, բայց եթե այս ուղղություններով հեղափոխություն չենք իրականացնում, որը տնտեսական հեղափոխության հիմքն է հանդիսանալու, դժվար կլինի լուրջ արդյունքների մասին խոսել: Այս ծրագիրը շեշտակիորեն նախորդներից տարբերվում է»:

Արսեն Ջուլֆալակյանը՝ «Իմ քայլի» պատգամավորը դժգոհել էր, որ նախարարության անվան մեջ անգամ չի կարեւորվել սպորտի անունը, դուրս է մնացել: Արայիկ Հարությունյանն ասաց, որ սպորտը ուզում են տանել դպրոց ու բուհեր.«Ստեղծվելու է մարզական ակումբների համալսարանական լիգա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728