Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանն այսօր Երեւանի ավագանու նիստում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը՝ թե ինչպես է, որ նրա տեղակալ ՀՀԿ-ական Սամվել Ղումաշյանը շարունակում է զբաղեցնել վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ասաց, որ կա հարուցված քրեական գործ, եւ որքանով տեղեկացված է, վճիռը կայացված է. «Ղումաշյանի նման էլի անձնավորություններ կան, այդտեղ միայն Ղումաշյանը չէ»,-ասաց պարոն Դանիելյանը:
Պարոն Խաժակյանը ավագանու նիստում հարցրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին, թե ինչպես կբացատրի Սամվել Ղումաշյանի՝այդ պաշտոնում մնալու փաստը, այն դեպքում, երբ Սամվել Ղումաշյանի կենսագրականը Երեւանի կայքում դեռեւս չկա: Բացի այդ նիստի ժամանակ մեջբերեց Ղումաշյանի մասին «Հայկական ժամանակի» հրապարակումը:
«2018 թվականի 4-րդ ամսին թերթում հրապարակեց մի հոդված, որտեղ նշված էր, թե Ավանում ջարդել են երթի վերջից գնացող 150-180 հոգու մեքենաները, ծեծել երիտասարդներին, որը եղել է Սամվել Ղումաշյանի հանձնարարությամբ: Մի դրվագ եւս հիշեցնեմ, քանի որ ինստիտուցիոնալ հիշողությունը կարծես չի պահպանվում. 2017 թվականի մայիսի ընտրություններին երկու ընտրատեղամասերի դիմաց այդ ամբողջ գործընթացը կազմակերպող անձ էր հանդես գալիս, այս դեպքում կօգտագործեմ «ընտրական կազմակերպիչ» բառակապակցությունը: Այդ անձն իրականացնում էր ընտրությունների կազմակերպման գործընթացը, որը դարձել էր ՀՀԿ-ի գործելաոճը: Իմ պրակտիկայում մի դեպք չի եղել, որ մի տեղամասի համար մի քանի անգամ ոստիկանություն հրավիրվեմ, անձամբ եմ ցուցմունք տվել»,-ասաց նա եւ նշեց, որ խոսքը կրկին Սամվել Ղումաշյանի մասին էր, եւ ինքը չէր պատկերացնի, որ Սամվել Ղումաշյանը կշարունակեր գործել նոր իշխանության օրոք:
Արա Դանիելյանը պարզաբանեց, որ Սամվել Ղումաշյանի մնալը, պայմանավորված էր հանձնում-ընդունում պահով. «Հանձնման-ընդունման պահը համարյա ավարտված է: Ես չեմ ասում, որ պարոն Խաժակյանը սխալ մտքեր է արտահայտել»: Պարոն Դանիելյանն ասաց, որ չի պատրաստվում աշխատել Սամվել Ղումաշյանի հետ եւ որ նա ազատվելու է աշխատանքից: Նրա խոսքով. «Խոսակցություններ կան, ինչպես որ Ղումաշյանի դեպքում է, մյուսների հետ կապված էլ կան նման խոսակցություններ նույն թեմայով, որ էլի ծեծերի են մասնակցել, բայց մինչև հիմա ոչ մի փաստ չեն բերել: Իսկ առանց հիմքի շատ դժվար է համայնքային ծառայողին ազատել»: Նա նշեց, որ պարոն Ղումաշյանի դեպքում նույնպես հիմքեր չկան, եւ միայն կան խոսակցություններ, ու կա հարուցված քրեական գործ:
Ըստ պարոն Դանիելյանի, Սամվել Ղումաշյանը հրաժարվում է իրեն ուղղված մեղադրանքներից:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Սամվել Ղումաշյանի պարագայում կան կադրեր, ապացույցներ, Ավան վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ միայն մեկ լուսանկար է տեսել՝ իր տան մոտ կանգնած:
«Իմ համոզվելու համար ժամանակ էր պետք, իմ ցանկությամբ չէ նրան ազատելը, այնքան բան կար նրա փորձից, որ ինձ պետք էր»,-ասաց Ավան վարչական շրջանի նոր ղեկավարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ