Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ներառական տնտեսական մոդելի են անցում կատարում ու կառավարության ծրագրի այդ փոփոխությունը հեղափոխական է. «Եթե մենք խոսում ենք կառավարության ներկա ծրագրի մասին, ամբողջությամբ տնտեսական մոդելը փոխվում է: Մենք անցում ենք կատարում ներառական տնտեսական աճի մոդելին, որը ենթադրում է,որ ՀՀ մեծաթիվ քաղաքացիներ պետք է մասնակից լինեն ՀՀ տնտեսությունում գեներացվող հավելյալ արժեքի ստեղծմանը: Սա է հիմնական փոփոխությունը, որը տեղի է ունեցել նախկին կառավարության ծրագրի համեմատ ու սա հեղափոխական փոփոխություն է: Կարծում եմ, այդ փոփոխությունը չտեսնել ուղղակի հնարավոր չէ»:
Թե գործնականում քաղաքացիների մասնակցությունն ինչպե՞ս են պատկերացնում տնտեսական հեղափոխությանը, չի՞ ստացվում, որ քաղաքացիների վրա է մնում դա անելը՝ Ավինյանն ասաց. «Ամեն մի սուբյեկտ ունի իր պատասխանատվության չափաբաժինը: Կառավարության պատասխանատվությունն է, որ ստեղծի այնպիսի մեխանիզմներ, ինստիտուտներ, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու տնտեսական աճին ու այդ հնարավորությունների, ինստիտուտների ստեղծումը կառավարության պարտավորությունն է: Երբ զուգահեռներ են տարվում քաղաքական հեղափոխության հետ, այն ժամանակ մենք ի՞նչ էինք ասում, ասում էինք, որ հնարավոր է դա իրականացնել, բայց իրականացնողը մենք չենք, քաղաքական ուժը չի լինելու իրականացնողը: Քաղաքական ուժը կարող է ստեղծել հարթակ, որ ՀՀ քաղաքացիները օգտվեն»:
Դիտարկմանը, որ օգտվեցին, փողոց փակեցին, մերժեցին նախկին իշխանություններին, այս դեպքում ի՞նչ են անելու՝ Ավինյանն ասաց, որ տնտեսության տարբեր ոլորտներում մասնակցություն ունենան. «Զբաղվելու են միկրոբիզնեսով, օգտվելու են տարբեր գրասենյակներից, որոնցով իրենց հմտությունները կզարգացնեն, փորձելու են աշխատանք գտնել այն ոլորտներում, որ ոլորտներում իրենք չունեն կրթություն, այսինքն, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ համակարգերը ստեղծի, որպեսզի ՀՀ քաղաքացիների մոտ ֆորմալ զբաղվածության աճ լինի առաջին հերթին, երկրորդը՝ աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրանա, երրորդ հերթին՝ ներդրումներ ներգրավվեն, որ աշխատատեղեր ստեղծվեն ու այս ամենը իրականացվի բնապահպանական ստանդարտների համապատասխան»:
Քննադատություններին, որ կառավարության ծրագրում թվերը բացակայում են ու կառավարությունը պատասխանատվությունից խուսափելու համար մանեւրում է՝ Ավինյանը պատասխանեց. «Կառավարությունը որեւէ պատասխանատվությունից չի խուսափելու, կառավարության ծրագրում այն թեզերը, որոնք գրվել են, ֆինանսական մոդելների վրա են հիմնված: Այդ ֆինանսական մոդելները կարտացոլվեն միջնաժամկետ ծրագրերում՝ այլ ֆորմատով: Կառավարության ծրագրում սահմանում չկա, որ պարտադիր բոլոր թվերը պիտի ներառված լինեն: Կառավարության պատասխանատվությունը շատ հստակ է լինելու ու միջնաժամկետ ծրագրերի քննարկման ժամանակ թվային պատասխանատվությունները, թիրախները, որոնք դրված են, կտեսնեք ու կպահանջեք մեզանից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ