Այսօր պաշտպանության նախարարությունում Կիպրոսի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, չի բացառել, որ եթե հանգամանքները ստիպեն եւ անհրաժեշտություն լինի, Սիրիայում գտնվող հայկական մարդասիրական զորախումբը կարող է նաեւ ռազմական գործողություններին մասնակցել: «Հայաստանը անպայման կանի դա` օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, միեւնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ»,- ասել է նախարարը:
Պաշտպանության նախարարի այս հայտարարության առիթով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը որոշ արձանագրումներ է արել: Մասնավորաբար, իր ֆեյսբուքյան էջում Արմեն Աշոտյանը նման գրառում է կատարել.
Արձագանքելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը՝ ընդգծում եմ, որ
1. Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգային քաղաքականության համար:
2. Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:
3. Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:
4. Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն: Նման հարցերում հարկավոր է ականջալուր լինել սրտացավ մասնագիտական կարծիքներին՝ անկախ քաղաքական ուժերի ընթացիկ դիրքավորումից:
5. Ես և իմ կուսակցական ընկերները շարունակելու ենք մեր գիտելիքը, փորձը և հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին և Արցախին:
Դավիթ Տոնոյանն, ի դեպ, պնդել է, որ հայկական զորամիավորման գործուղումը Սիրիա, եղել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ