Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՖՖ 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը ներկայացնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսին՝ տեղեկացրեց, որ նրա հետ 1+1 ձեւաչափով պայմանագիր է կնքվել, որից հետո աշխատանքի մի որոշ ժամանակ էր հարկավոր, որպեսզի այսօր արդեն հստակ ասելիք լինի:
Խինես Մելենդեսը առաջինը հայտարարեց, թե ինչու է եկել Հայաստան: «Ֆուտբոլին երկար տարիներ նվիրեցի Իսպանիայում: 18 տարի աշխատում էի Իսպանիայի հավաքականների հետ: Հիմա եկել եմ մի երկիր, որտեղ մարդիկ կիրք ունեն ֆուտբոլի նկատմամբ: Բավական է տեսնել, թե երեխաներն ինչպես են ֆուտբոլ խաղում՝ հասկանալու, թե նրանք ինչպիսի կիրք ունեն: Համաձայնեցի Հայաստան գալ՝ տեսնելով իմ հետ բանակցողների մեծ ցանկությունը՝ միտված ֆուտբոլի զարգացմանը: Ես սիրում եմ մարտահրավերներ եւ եկել եմ ոչ թե հաճույքի համար ժամանակ անցկացնելու, այլ աշխատելու, եւ ինչու չէ, կարիերայիս վերջում աշխատելու մի երկրում, որտեղ այդքան խանդավառություն կա: Ուզում եմ իմ գիտելիքները հաղորդել Հայաստանին: Ցանկանում եմ, որպեսզի իմ փորձը չմոռացվի, եւ շատ ուրախ եմ, որ այն կարող եմ փոխանցել Հայաստանին: Ես ուզում եմ հիմք դնել մի ֆուտբոլի, որը կծառայի նաեւ ապագայում»-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ