ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջերս ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ կողմերը պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում: Նա պատասխանեց պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե ինչ է ենթադրում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը:
«Այդ բնորոշմանը պետք է առանցքային ուշադրություն դարձնել: Եթե մի երկրի կառավարություն իր ժողովրդին չի պատրաստում խաղաղության, հակամարտության կողմ հանդիսացող կամ բանակցային սեղանի մյուս կողմում գտնվող երկրի կառավարությունը չի կարող իր ժողովրդին պատրաստել խաղաղության: Այսինքն, սա չի կարող միակողմանի լինել»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա հստակեցրեց՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանի մյուս կողմում գտնվող Ադրբեջանին. «Եթե մեր հարեւանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մեր արձագանքը կլինի համարժեք: Հուսանք, որ մեր հարեւանը կհրաժարվի այդ գործելակերպից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ