Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը` զինծառայողի մահվան դեպքը թաքցնելու մասին. ՊՆ-ն չի կոծկել

Փետրվար 12,2019 16:38

«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել եւ դա չի արել տարիներ շարունակ: Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի՞ հետ է կապված եղել: Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն`անդրադառնալով Նոր տարվա գիշերը Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքին: Դեպքի մասին, հիշեցնենք, չէր տեղեկացվել: Միայն լրատվամիջոցներից մեկի հարցման արդյունքում, ՊՆ-ից հաստատել էին զինվորի մահվան դեպքը: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Նախարարը պնդում է`տեղեկությունը չի կոծկվել: Նաեւ հավելում է, որ լրատվամիջոցները տեղեկություններ են ստանում տարբեր գերատեսչություններից` Դատախազություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, նաեւ` Պաշտպանության նախարարություն: «Միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանն այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է նաեւ, որ հայ-կիպրական համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա եւ բացատրել. «Հատուկ նշում եմ իրավական կարգավորումները, որ հետագայում ռազմական ոլորտում խնդիրներ չառաջանան»:

Հայաստանցի եւ կիպրոսցի պաշտոնյաները քննարկել են ռազմական արդյունաբերությանը, ռազմատեխնիկական համագործակցությանն ու համատեղ վարժանքներ անցկացնելուն վերաբերվող հարցեր: Դավիթ Տոնոյանը նաեւ իր գործընկերոջն է ներկայացրել Սիրիայում հայկական հումանիտար գործողության մանրամասները, երկուստեք կարեւորել են տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728