ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել հակահայ թուրք լոբբիստ Քեմալ Օքսուզին, հաղորդում է Houston Chronicle-ը:
Իր դեմ առաջադրված հինգ մեղադրանքներից Օքսուզը մեղավոր է ճանաչվել միայն երկուսով: Դատավորը դատարանի դահլիճից նրան պայմանականորեն ազատ է արձակել: Բացի այդ, դատարանը Օքսզուի համար սահմանել է 2 տարվա փորձաշրջան, նշանակել 20 հազար դոլար տուգանք և 100 ժամվա հասարակական աշխատանք:
Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեջ:
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Օքսուզը 2018թ օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Քեմալ Օքսուզը Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Նախորդ տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Ամերիկյան կողմը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն Օքսուզին հանձնելու վերաբերյալ: Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ բավարարվել էր նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:
Օքսուզը հետախուզվում էր նաև Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դրա շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Ի պատասխան դրան, ՀՀ գլխավոր դատախազությունից ասել էին, թե Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ-ը Թուրքիայից առաջ էր դիմել։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ