Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. «Վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար»

Փետրվար 12,2019 16:33

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, միջազգային փորձագետ, Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն Թոբի Մենդելը, այլք:

Սուրեն Քրմոյանը ողջունել է գործընկերներին և նշել, որ այս հանդիպումը լավ առիթ է տեղեկատվության ազատության ոլորտում անցած ժամանակաշրջանի ձեռքբերումները և խնդիրները վերլուծելու, բացերը մատնանշելու և նվաճումները արձանագրելու համար: Ս. Քրմոյանի խոսքով՝ պատահական չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասարակության կարևոր ցուցիչ: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ տեղեկատվության ազատությունը կարևորվում և արժևորվում է նրանով, որ տեղեկություններ ստանալու իրավունքը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, մասնակցում է հանրային կառավարմանը:

«Տեղեկատվության ազատությունը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին աշխատում և բարիք է ստեղծում իր համար, ինչպես նաև այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պայքարել անարդարության, կոռուպցիայի, ինչպես նաև իրավահավասարության սկզբունքի խախտման դեմ: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»,- մանրամասնել է փոխնախարար Քրմոյանը: Նույն համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալը ասել է, որ չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, և, որ Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմինները ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ:

Նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու, տեղեկություններ ստանալու մարդու իրավունքների իրականացման համար գործուն կառուցակարգեր ստեղծելու համար: Որպես օրինակ, Սուրեն Քրմոյանը ներկայացրել է վերջերս գործարկված Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հարցում ուղարկել բոլոր պետական մարմինններին, այլ նաև նվազեցնել այս գործընթացում քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը, վերահսկել հարցումների պատասխանների ժամկետները, հետադարձ կապի միջոցով ստանալ քաղաքացիների կարծիքները մատուցված ծառայությունների վերաբերյալ, վարել վիճակագրություն:

Ավարտելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը նկատել է, որ պետության ջանքերը բավարար չեն լինի առանց քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվության: Ս.Քրմոյանը նաև շնորհակալություն է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին և Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքի առաջամարտիկներից մեկը լինելու համար:

Աշխատաժողովին հաջորդել է քննարկում քաղհասարակության, տեղեկատվության ազատության ոլորտի պատասխանատուների, պետական մարմինների աշխատակիցների միջև:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728