ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի եւ Կարին Մարմզոլերի հետ:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ եւ ժողովրդավարական տեսանկյունից:
Զրուցակիցները կարեւորել են պարբերական շփումներն ու ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում տարբեր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ կարեւորել Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի դրսեւորումը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:
Վահե Էնֆիաջյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարն իր գործունեությամբ կնպաստի նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ