Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն հարկեր». Մակունցը՝ տնտեսական հեղափոխության քայլերի մասին

Փետրվար 12,2019 15:43

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ՝ ասաց, որ ԱԺ նիստում հարցադրումների պատասխանները կլինեն, հետո իրենք դիրքորոշում կհայտնեն:

Մեր հարցին՝ բյուջեի նախագիծը Նիկոլ Փաշինյանն անվանեց իներցիոն, կառավարության այս ծրագիրը կարո՞ղ ենք նորից անվանել իներցիոն՝ Մակունցը պատասխանեց. «Վերջնական տեսակետ կհայտնենք այն ժամանակ, երբ կառավարությունը ամբողջական հարցերին կպատասխանի»: Նա հույս հայտնեց, որ ԲՀԿ-ն կփոխի իր դիրքորոշումը ու իրենց հարցերի պատասխանները համոզիչ ու բավարար կլինեն:

Նա ասաց, որ իրենք նայում են, թե ինչպիսին է ծրագիրը, ինչ նպատակ է դնում իր առջեւ, այն ի կատար ածելու ընթացքում օրենսդիրի գործառույթը որն է: Հարցին՝ ՀՀԿ-կաններն ասում են, որ այս ծրագիրն իրենց կառավարության ծրագրից արտագրություն է, նոր բան գրեթե չկա ու ավելի վատն է, ինչպե՞ս կարձագանքեք՝ Մակունցը պատասխանեց. «Նույնիսկ այսօր արդեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում կա վերլուծություն, կան խմբեր, ովքեր հստակ ցույց են տալիս տարբերությունները երկու կառավարության ծրագրերի: Ինչ վերաբերում է ընդհանրություններին, ես այդտեղ որեւէ բացասական բան չեմ տեսնում: Այն մոտեցումները, որոնք բխում են ՀՀ շահերից, պետության շահերից, եղել են նախկին ծրագրում, բնականաբար, պետք է նաեւ մենք ինքներս հետեւողական լինենք այդ առումով»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ եթե քաղաքական հեղափոխության համար դուխ է պետք, տնտեսական հեղափոխության համար փող է պետք, կա՞ այդ փողը՝ նա պատասխանեց. «Նախկինում այդպես միշտ երեւի արդեն արժեքային տիրույթից էր խոսվում այն առումով, որ ցանկացած նախաձեռնության համար փողն է կարեւոր, հնչեց նաեւ վարչապետի խոսքը ու ես լիովին կիսում եմ նրա կարծիքը, որ փոփոխությունների համար փողը հատկապես տնտեսական առումով գուցե անհրաժեշտ է, բայց բավարար պայման չէ»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ տնտեսական հեղափոխությունը լինելու է նույն գործիքակազմով, ինչ թավշյա հեղափոխությունը, այսինքն ի՞նչ գործիքակազմով, փողոցնե՞ր են փակվելու, ի՞նչ է արվելու՝ Մակունցը պատասխանեց. «Հեղափոխությունը սկսեց նրանից, որ ՀՀ քաղաքացին իրեն պատասխանատու զգաց փոփոխությունների համար ու վերցրեց իր ձեռքը պատասխանատվության այն գործիքը, որն իրենն էր: Հիմա տնտեսական հեղափոխության մասին խոսելիս վարչապետի ասածը վերաբերում էր հենց դրան: Որպես օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ՝ մենք ունենք մեր գործիքները՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար, բայց ՀՀ քաղաքացին այն գործիքները, որոնք իրենն են, նա պետք է դա իրականացնի, այդ թվում եւ հաշվետու պահելը: Դա պատասխանատվությունից խուսափել չի: Այն, ինչի մասին վերջերս պարբերաբար խոսում ենք, բոլորովին կարեւոր չէ, թե այսօր Հայաստանի խնդիրներն ինչ հանգամանքներում են ծագել, ինչն է հարուցել այդ խնդիրները: Մենք գիտակցում ենք, որ այսօր պատասխանատուն մենք ենք ու պիտի փնտրենք լուծումներ»:

Հարցին՝ քաղաքացին քաղաքական հեղափոխության ժամանակ գիտեր ինչ պետք է աներ, գնար հրապարակ, օրինակ, փողոց փակեր, իսկ այս դեպքում քաղաքացին ի՞նչ պետք է անի՝ Մակունցը պատասխանեց, որ «առնվազն այն առումով, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն հարկեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728